«Ժողովուրդ» թերթն իր էլեկտրոնային համարում գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։
Նշենք, որ այս գյուղը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է։ Ստուգումները իրականացվել են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ, համայնքի ավագանին չի պահպանել «ՏԻՄ» ՀՀ օրենքի 21- րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջները։ Ըստ որի՝ համայնքի ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որը առնչվում է իր, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց շահերին։
Բայց ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են ավագանու անդամների կողմից իրենց մերձավոր ազգակցությամբ կապված անձանց շահերին բախվող ավագանու ընդհանուր թվով 6 հատ որոշումներ։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ և 2016, և 2017, և 2018 թվականներին ավագանու անդամները մասնակցել են իրենց մերձավորների շահերին առնչվող ավագանու նիստին և կողմ են քվեարկել դրամական օգնություն հատկացնելու համար։
Ի դեպ, 2016 թվականին այս տարբերակով 6 հոգու է տրվել դրամական օգնություն, 2017-ին՝ 4, իսկ 2018-ին՝ 5 հոգու։ Նշենք, որ խոսքը 896 հազար դրամի մասին է։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խմբի ստուգումներից հետո նշված գումարն ամբողջությամբ վերականգնվել է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը