24 08 2018

Ժողովրդի սերը որքան հաճելի, նույնքան անցողիկ երևույթ է․ «Հրապարակ»

Ժողովրդի սերը որքան հաճելի, նույնքան անցողիկ երևույթ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ժողովրդական զանգվածների սերը որքան հաճելի, նույնքան անցողիկ երևույթ է։ Շատերն են այս շրջանում հիշում, թե ինչպես էին մարդիկ պաշտամունքի հասնող սեր ու հարգանք տածում 90-ականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ և ինչպես մի քանի տարի անց սկսեցին «մերժել», իսկ 1996-ին ուղղակի նրա դեմ քվեարկեցին։ Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես 1988-ին Օպերայի հրապարակում սուլեցին Կարեն Դեմիրճյանին՝ նրա «Ղարաբաղը գրպանումս չի, որ հանեմ տամ ձեզ» արտահայտության համար, և ինչ սիրով ու հիացմունքով ընդունեցին 1997-ին նրա վերադարձը մեծ քաղաքականություն և ինչ մեծ ցավ ապրեցին 99-ին՝ նրա մահվան առիթով։

Նույնկերպ 96-97-ին ի խորոց սրտի Լևոն Տեր-Պետրոսյանին «մերժած» ժողովուրդն ինչպես 2007-2008-ին ցնծությամբ ընդունեց նրա վերադարձը և ինչպես կրկին վստահեց նրան։ Սիրո և ակնածանքի հեղեղն իր վրա զգացել է նաև Ստեփան Դեմիրճյանը, որի ոտքերի առաջ գառներ էին մորթում 2003 թվականին, Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ձեռքսեղմումը ջերմացնում էր մարդկանց հոգիները, և նրանք 2013 թվականի նախագահական ընտրություններում, պաշտոնական տվյալներով, 540 հազար քվե տվեցին նրան։ Ժողովրդի սիրո և հարգանքի թիրախներից է եղել նաև Զարուհի Փոստանջյանը, ում ելույթներով և խիզախությամբ հիանում էին մարդիկ վերջին տարիներին։

Այդ սերն ու հիացմունքն իրենց վրա զգացել են նաև Ժիրայր Սեֆիլյանը, «Սասնա ծռերը», Հաց բերողը, ուրիշներ։ Մի բան պարզ է, որ հասարակությունը հերոսների, սիրո թիրախի, հիացմունքի ու պաշտամունքի առարկայի կարիք ունի միշտ։ Թիրախներն ու հերոսները փոխվում են, սիրո և հարգանքի ուժը մնում է։ Բայց պատմություն իմացող խելացի մարդիկ հասկանում են, որ այդ սիրուց չի կարելի շլանալ, չի կարելի հեռուն գնացող և երկարաժամկետ հետևություններ անել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ