ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կառավարության 100 օրը նշելու առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ կրկին նշեց, որ դատավորներին չի զանգելու այս կամ այն հարցով, բայցև նրանց հաթաթա տալու գայթակղությունից զերծ չմնաց: Այս մասին գրում է Iravunk.com-ը:
«Մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու միջամտությանը, բայց ուզում եմ ասել հետևյալը՝ առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով, ասել եմ՝ որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Բայց մյուս կողմից ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Ես ուզում եմ նախորդ իշխանության ներկայացուցիչներին և նրանցից հրահանգներ ստացող դատավորներին ասել շատ ուղիղ և կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք», – ասաց Ն. Փաշինյանը, ապա հավելեց, որ առաջիկայում լուրջ քննարկում են ունենալու և որոշելու են անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու հարցը:
Բայց, արի ու տես, որ ասված լուրջ քննարկումն ու որոշումն արդեն եղել է, իսկ գաղափարը ծագել է ոչ թե Ն. Փաշինյանի գլխում, այլ ինչ-ինչ նպատակներով Հայաստան գործուղված արևմտյան փորձագետների կողմից: Պարզվում է՝ ուղիղ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 18-ին, վարչապետ Փաշինյանը հանդիպել է Երևան շտապած անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) և Սորոսի Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետներին:
Փորձագետները վարչապետին են ներկայացրել հետհեղափոխական և անցումային փուլերում տարբեր երկրներում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձը, իրենց դիտարկումները Հայաստանում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կողմից իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարը գնահատել են որպես անցումային արդարադատությանը բնորոշ քաղաքականություն: Փորձագետները պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ և անցումային այս փուլում նպաստել մեր երկրի արդարադատության համակարգի արդիականացմանը: Ըստ էության, գործարքը կայացել է և Ն. Փաշինյանը երեկվա իր ելույթում փաստեց այս մասին: Այսինքն՝ կունենանք անցումային արդարադատություն, որը կիրականացնի ոչ թե անկախ դատարանն, այլ Սորոսի հիմնադրամն իր փորձագիտական քմահաճույքներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը