03 08 2018

Գոյություն ունի՞ արդյոք հայրենի Բերիա. «Հայոց աշխարհ»

Գոյություն ունի՞ արդյոք հայրենի Բերիա. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է. ««Օրինականության մարտիկները» շարունակում են լեզուները դուրս գցած վազվզել հայոց աշխարհ կոչվող մեր մեծ գյուղով մեկ՝ կալանավորելով նախկին ռեժիմի մերթ մեկ, մերթ մյուս ներկայացուցչին, վախեցնելով օրինավոր քաղաքացիներին և իսկույն ևեթ նետվելով մեկ ուրիշ տեղ։

Շների մեծ քանակության պայմաններում, որ պահում են գյուղերում, այնտեղ հաճախակի են «իսկ Ռաֆիկի շունը կապը կտրել, վազում էր գյուղով մեկ, ու լսիր, թե ինչ է արել»։

Քանի որ շները գյուղում հիրավի շատ են, իսկ նրանց ցանկություններն այն պահին, երբ «ես ազատ եմ, ես մոռացել եմ, թե ինչ բան է շղթան», բազմազան. վազել հավերի հետևից, փորել ուրիշի դարպասի տակն ու թափանցել հարևանի տարածք, կռվել մեկ ուրիշ շան հետ և այլն, ապա կապը կտրած շների վիպերգն անփոփոխ հետաքրքրություն է առաջացնում։

Ավելին՝ համալրվում աշխույժ մանրամասներով, որոնց մասին գյուղացիները խոսում են և՛ որպես դիտորդ, և՛ որպես ակամա մասնակից։

Այն բանից հետո, երբ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը քաղաքական հետապնդումների նախաձեռնողին անվանեց Բերիա և հայտարարեց. «Մնում է պարզենք, թե «Բերիան» ով է, գտնելու ենք, և այդ «Բերիան» պատժվելու է», ամբողջ գյուղը նետվեց փնտրելու մեր օրերի «Լավրենտի Պավլովիչին»։

Քանի դեռ ընթանում են որոնումները, խոսենք իսկական Բերիայի մասին։

Օրինակ, ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու Խորհրդային Միությունում չկար Լավրենտի Բերիայի հուշարձանը։

Սոցիալիստական աշխատանքի հերոս, մարշալ, բազմաթիվ կարևորագույն նախագծերի, նախևառաջ՝ ատոմային ռումբի ստեղծման համակարգող։ Արտադրության հիրավի ականավոր կազմակերպիչ և համարձակ տնտեսագետ։

Դե, կոտորեց մի քանի միլիոն անմեղների. բայց այդ դեպքում ինչո՞ւ Ձերժինսկու պատվին ողջ ահռելի երկրով մեկ կարելի էր հուշարձաններ կանգնեցնել, իսկ Բերիայի պատվին չէ՞ր կարելի։

Դուք կասեք. որովհետև Ձերժինսկին հասցրեց մահանալ մինչև գնդակահարվելը, իսկ Բերիային հասցրին գնդակահարել մինչև մահանալը։ Բայց չէ՞ որ թե՛ մեկը, թե՛ մյուսը զուտ պատահականություն են։ Չի կարելի նման չնչին պատճառով զրկել արժանավոր մարդուն հուշարձանից։

Ինչ վերաբերում է նրան, որ հայրենի բերիաները իշխանության զավթումից գրեթե անմիջապես հետո սկսեցին հաշվեհարդար տեսնել քաղաքական հակառակորդների հետ, ապա այդպես վարվել են շատերը։ Անցյալի հետ հաշիվների պարզումը միշտ իրականացվում է անհապաղ։

Դա կարող էր խորշելի դրսևորումներ ունենալ. նացիստների հանցակիցների նկատմամբ հաշվեհարդարի մասին, ինչպես դա իրականում տեղի էր ունենում 1945-1946 թվականների Ֆրանսիայում կամ Իտալիայում, նախընտրում են առանձնապես չհիշել, բայց ամեն դեպքում դա չէր կարող հետաձգվել, ասենք, մինչև 1960 թվականը։

«Նախկինների» միջավայրին պատկանող մարդկանց նախորդ ռեժիմի հեռանալուց 10-15 և ավելի տարի անց պատժելու քաղաքական ավանդույթը կարող է փոխ առնված լինել միայն ԽՍՀՄ-ից, որտեղ 30-ականների կեսերին ձերբակալում էին մինչհեղափոխական քաղաքական կուսակցությունների անդամներին, ցարական ռեժիմի պաշտոնյաներին, պարզապես ազնվականներին, որոնք 1917 թվականից ի վեր ապրում էին զուտ բուսական կյանքով։

Ինչպես ասում էր ընկ. Ստալինը, «վրեժը ուտեստ է, որը պետք է սառը մատուցել»։

Ի դեպ, Ստալինը դիտավորյալ կենդանի թողեց Տրոցկուն, թեև վտարեց երկրից։ Առաջնորդը կարող էր նստեցնել նրան արդեն 1929-ին և լրիվ մեկուսացնել, կարող էր հենց այն ժամանակ գնդակահարել։

Բայց Ստալինն ընտրեց այլ ճանապարհ. հնարավորություն տվեց Տրոցկուն հեռանալ երկրից, որպեսզի դիվականացնի նրա անձը, վերածի ժողովրդի գլխավոր թշնամու։ Դա հնարավորություն էր տալիս Լև Դավիդովիչին մեղսագրել իշխանության բոլոր դժվարությունները, ձախողումները, վրիպումները, սխալները։ Եվ որպեսզի Տրոցկու հետ ունեցած իրական կամ մտացածին կապի համար հնարավոր լիներ վերացնել սեփական քաղաքական հակառակորդներից ամեն մեկին։

Դեռ լավ է, որ մայիսյան իշխանափոխությունից հետո հայրենի բերիաները չգնդակահարեցին «նախկիններին»։ Ասենք, արդեն ավելի քան 60 տարի է, ինչ պաշտոնազրկումը մեզանում ինքնաբերաբար չի հավասարեցվում կյանքից զրկվելուն։

ԽՄԿԿ ԿԿ 1957 թվականի հուլիսյան պլենումը նախադեպային դարձավ ոչ այնքան հակակուսակցական խմբավորման ջախջախմամբ. այդպիսիք մինչ այդ էլ քիչ չէին ջախջախել, որքան նրանով, որ վերնախավային խմբավորման ջախջախումն ավարտվեց առանց մահապատժի։ 1964 թվականին Խրուշչովի հրաժարականն ամրապնդեց այն դրույթը, որ իշխանությունից զրկվել կարելի է և առանց գլխից զրկվելու։

Ուրեմն ո՞վ է Բերիան «Նոր Հայաստանում»։ Կստանա՞նք մենք այս հարցի պատասխանը։ Եթե հայրենի գործիչները մեմուարներ գրեին, ապա վաղ թե ուշ մենք կիմանայինք դա։ Սակայն նման ավանդույթ մեզանում, ավա՜ղ, չկա։ Այնինչ այդ կերպ նրանք ոչ միայն կբավարարեին մեր հետաքրքրասիրությունը, այլև կստեղծեին իրենց համար ապրուստ վաստակելու հուսալի միջոց։ Պատմությանը հայտնի են այդպիսի օրինակներ։  

Այսպես. ԱՄՆ 19-րդ նախագահ գեներալ Ուլիս Գրանտը, որը կյանքի վերջում սնանկացավ, ընդունեց Մարկ Տվենի առաջարկն իր մեմուարների հրատարակման վերաբերյալ և հասցրեց ավարտել դրանք կոկորդի քաղցկեղից տանջալից մահից մեկ շաբաթ առաջ։ Ե՛վ պարզապես փայլուն շարադրված բուն հուշերը, ե՛ւ դրանց ստեղծման ողբերգական պատմությունը վերածեցին գիրքը բեսթսելերի։ Դա Գրանտի ընտանիքին բերեց այն ժամանակների համար ահռելի գումար՝ 450 հազար դոլար։

Իսկ իրեն՝ Գրանտին, հուշերն օգնեցին բարելավել պատմական հեղինակությունը։ Հյուսիսի և Հարավի միջև քաղաքացիական պատերազմում հաղթողի նրա երբեմնի փառքը խամրել էր որպես նախագահ անհաջող պաշտոնավարումից, որը նշանավորված էր կոռուպցիոն սկանդալներով, բայց մեմուարները հասարակության աչքում վերականգնեցին գեներալի համար ընդհանուր առմամբ դրական հաշվեկշիռը։

Ինչևէ, կա՞ մեզանում Բերիա։ Ո՞վ է նա։ Ես հայտնում եմ մտահոգությունս։ Հերքեք այն ու հանգստացրեք ինձ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ