03 08 2018

Կալանավորումից հետո Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ քննչական գործողություն չի անցկացվել. «Հայոց աշխարհ»

Կալանավորումից հետո Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ քննչական գործողություն չի անցկացվել. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»- ը գրում է. «Ժամանակը ցույց կտա, թե ում գործողություններն են ծիծաղելի: Այսպիսի ասացվածք կա՝ լավ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում»,- երեկ «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնի փաստաբան Ռուբեն Սահակյանը այսպես արձագանքեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությունները, իր ընկալմամբ՝ «տեղ-տեղ ծիծաղելի մանիպուլյացիաներ են»:

Ժամանակը, կարծում ենք, կպարզի և ցույց կտա ոչ միայն վերջում ծիծաղողին, այլև իրական մանիպուլյատորներին:

Ի դեպ, արդեն ոչ թե «տեղ-տեղ», այլ լիովին ծիծաղելի, անգամ քմծիծաղելի մանիպուլյացիայի մասին, որին դիմեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ երեկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտության մասին հարցերին:

ՀՔԾ պետը մասնավորապես նշեց. «Խափանման միջոցն ընտրվում է՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովվի մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում: Ի՞նչ է նշանակում դա: Թյուր կարծիք կա, որ դա ընդամենը փախուստի դիմելու հավանականությունն է, բայց միշտ մոռացվում է երկրորդ, իմ կարծիքով, առավել կարևոր հանգամանքը, որ պատշաճ վարքագծի բաղադրիչը մեղադրյալի կողմից վարույթի մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է, հենց այս կարևոր նախապայմանից ելնելով, ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը անհրաժեշտ է այս պահին»:

Հասկանո՞ւմ եք, ի՛նքն է գտնում: Ինչպե՞ս: Տե՛նց: Ինչի՞ց ելնելով: «Նախապայմանից ելնելով»: Կասեք՝ ծաղրո՞ւմ ենք: Հապա էլ ի՞նչ անես կամ ասես, եթե նման լուրջ կասկածը գոնե թեթևակի հիմնավորելու համար ՀՔԾ պետը «ես գտնում եմ»-ից բացի, այլ հոդաբաշխ արտահայտություն չի արտաբերում:

ՀՔԾ պետի այդ արտահայտությանն անդրադառնալով, փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց. «Մեր կարծիքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող խոչընդոտել քննությանը: Եվ չկա որևէ կասկած, որ նա կխոչընդոտի, չկա՛ որևէ հիմնավորում, որ նա կխոչընդոտի քննությանը»:

Ի դեպ, հետաքրքիր է, որ նույն քրեական գործով ու նույնաբովանդակ (գրեթե) մեղադրանքի պայմաններում, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, օրինակ, չի «գտնում», որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է (ենթադրենք) փորձել «ապօրինի ազդեցություն» ունենալ, իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում նա «գտնում է»:

Օգտվելով առիթից, Ռուբեն Սահակյանից հետաքրքրվեցինք (հեռախոսով էինք զրուցում), թե կալանավորվելուց հետո արդյոք որևէ քննչական գործողություն իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվե՞լ է: Պարզվեց՝ ոչ, չի կատարվել: «Ո՛չ, կալանավորումից հետո Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ քննչական գործողություն չի անցկացվել»,- պատասխանեց փաստաբանը:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում ինքը հրաժարվում է ցուցմունք տալ, ինչն իր սահմանադրական իրավունքն է:

Մեր կողմից հավելենք, որ անգամ քննչական կառույցների որոշ ղեկավարներին իրավական տարրական սկզբունքներ բացատրելը կարծես արդեն անհրաժեշտություն է դառնում: Հիշեցնենք այդպիսի մի սկզբունք. մեղադրողը պետք է ապացուցի իր մեղադրանքը, այլ ոչ թե մեղադրվողը պետք է ապացուցի իր անմեղությունը:

Վերցնենք, օրինակ, նույն ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին: Չէ, իրո՛ք, ի՞նչ կոնկրետ հիմք(եր) ունի Թեմիսի սույն քուրմը, իսկ պաշտոնը նկատի ունենալով՝ քրմապետական դասի ներկայացուցիչը, պնդելու, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կալանքի տակ չգտնվելու դեպքում, կփորձի ապօրինի ազդեցություն գործել «վարույթին մասնակցող անձանց վրա»: Ո՞ւմ վրա, օրինակ: Յուրի Խաչատուրո՞վի:

Լսեք, իսկ կարո՞ղ է, ասենք, վաղը, մյուս օրը, ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի կողմից որպես «ապօրինի ազդեցություն գործելու» փորձ դիտարկի ու ներկայացնի, եթե նախկին նախագահը մի փոքր խիստ կամ շեղ նայի, օրինակի համար, գործը վարող քննիչներից մեկնումեկին, իսկ վերջինս էլ կարճ ժամանակով կորցնի խոսելու ունակությունը:

Գիտե՞ք, չի բացառվում: Եթե սահմանադրական կարգի պահպանության համար պատասխանատվություն կրած պետության նախկին ղեկավարին ՀՔԾ պետը մեղադրում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ, կարող են նաև մեր նշածից ավելի ֆանտաստիկ բաներ ասել:

Ի դեպ, երեկ լրագրողները Սասուն Խաչատրյանին փոխանցեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն ստանձնած փաստաբանների գնահատականները և այն, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում են բնութագրում, որ թույլ է տրվել իրավական անգրագիտություն, ամենակարևորը՝ մեղադրանքի որևէ հիմնավորում չկա և դատարանին էլ չի ներկայացվել։

ՀՔԾ պետը պատասխանեց. «Ես չեմ իջնում իրենց մակարդակին և անձնական վիրավորանքներով իրենց պատասխանել չեմ ցանկանում: Մեղադրանքի որոշումը այնքան պարզ է, այնքան հստակ և հիմնավորված, որ ինձ համար անհասկանալի են և տեղ-տեղ նաև ծիծաղելի այդ մանիպուլյացիաները, որոնք փորձում են անել պաշտպանական կողմի ներկայացուցիչները, ինչպես նաև այդ քաղաքական հայտարարությունները:

Ինչո՞ւմ է մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը: Նա մեղադրվում է Սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում: Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում արգելված էր ինչպես նախկին, այնպես էլ սահմանադրության ներկայիս խմբագրությամբ, բանակի ներգրավումը, զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներին անթույլատրելի է: ԶՈՒ ներգարվումը կարող էր լինել միայն այն դեպքում, երբ հայտարարված լիներ ռազմական դրություն, ինչպես գիտեք, ռազմական դրություն հայտարարված չի եղել»:

Դե, էլի լավ է, որ հարց-աքցանների միջոցով և գոնե լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում մեղադրանքի ինչ-որ հիմք հանրությանը ներկայացվեց՝ «բանակի ներգրավում քաղաքական գործընթացներում»:

Պետք է ենթադրել, որ նախաքննությունն ավարտվելուց հետո, գոնե դատարանում մեղադրող կողմը կներկայացնի, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր զբաղեցրած պաշտոնից ու նախագահական լիազորություններից բխող հատկապես ո՛ր գործողություններն են Թեմիսի հայրենական քրմերը բնորոշում որպես «բանակի ներգրավում քաղաքական գործընթացներում», հետևաբար՝ սահմանադրական կարգի բռնի տապալում, հա, և ի՛նչն են համարում, օրինակ, քաղաքական գործընթաց ու դրա մեջ ներգրավվել:

Սկսենք վերջից: Օրինակ՝ բանակը, կոնկրետ ՊՆ ենթակայության ներքո գտնվող ստորաբաժանումները, ի՞նչ է, ցույցերի՞ են մասնակցել: Իսկ միգուցե այդ բանա՞կը, այլ ոչ թե ոստիկանության ուժերն են մարտի 1-ի առավոտյան, այսպես ասենք, դադարեցրել Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջօրյա ու մոտ 10 օր տևող հանրահավաք-ցույցը:

Գուցե ոչ թե ոստիկանության ու ներքին զորքերի ուժե՞րն են նախքան Արտակարգ դրություն հայտարարելը դիմակայել արդեն բարիկադավորված, «քարուփայտի» անցած, Մյասնիկյանի արձանի մերձակայքում հավաքված բազմությանը:

Ռազմական և Արտակարգ դրությունների մասին:

Ռազմական դրություն հայտարարվում է պետության վրա արտաքին հարձակման և դրան վերաբերող այլ սպառնալի զարգացումների հետ կապված: Իսկ Արտակարգ դրություն հայտարարվում է, օրինակ, սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու, այդ թվում՝ այդ կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու, այդ թվում՝ իշխանությունը զավթելու փորձի, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների պարագայում:

Գուցե հատուկ ՀՔԾ պետին և իրեն հանձնարարություններ տվողներին արժե՞ հիշեցնել, որ 2008թ. մարտի 1-ի ուշ երեկոյան Երևանի կենտրոնում, կոնկրետ՝ Գրիգոր Լուսավորիչ, Պարոնյան փողոցների և Մաշտոցի պողոտայի հարակից հատվածներում բանը հասել էր հավաքված բազմության և ոստիկանության ուժերի բախման, մերձակա խանութների թալանի, չհաշված արդեն՝ հանրային և անձնական գույքը վնասելուն:

Ամենակարևորը՝ արդեն կային մարդկային զոհեր, ըստ որում՝ նաև ոստիկանների շարքերում, չհաշված բազմաթիվ վիրավորներին: Եվ այդ պայմաններում միայն Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացրեց Արտակարգ դրություն հայտարարելու մասին, ըստ սահմանված կարգի՝ խորհրդակցելով ԱԺ նախագահի ու վարչապետի հետ: Ու դրանից անմիջապես հետո հրավիրվեց ԱԺ նիստ՝ հենց նշված Արտակարգ դրության որոշումը հաստատելու հարցով:

Իսկ Արտակարգ դրության ժամանակ կարող են ներգրավվել ՊՆ ենթակայության ներքո գործող ստորաբաժանումները, մանավանդ եթե տվյալ իրավիճակում ոստիկանական ուժերը չեն բավարարում: Սկզբունքորեն դա էլ տեղի է ունեցել:

Մեղադրանքի հիմնավորվածության մասին: Երբ քննչական մարմինը թեկուզ նախկին նախագահի է մեղադրանք ներկայացնում, ապա պետք է ենթադրել, որ այդ մեղադրանքն էլ մեղադրվողի կարգավիճակին պիտի համահունչ լինի, այսպես ասած՝ «նախագահական», այսինքն՝ բազալտը կարագի պես ծակող, իրավաբանորեն անթերի ու անխոցելի, այլ ոչ թե՝ «ես գտնում եմ»-ի մակարդակի...

Իրավացի է Ռուբեն Սահակյանը՝ ժամանակը ցույց կտա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ