«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանցի փորձագետները չեն կարծում, որ Լավրովի հայտարարությունը միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին: Մասնավորապես, մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:
- Պարոն Կոլերով, ինչպե՞ս կմեկնաբանեք Լավրովի հայտարարությունը, որ Մոսկվայում մտահոգված են Հայաստանում «հայտնի քաղաքական գործիչների» նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումներով: Չե՞ք կարծում, որ սա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին:
-Ոչ, չեմ կարծում:
- Ինչո՞ւ:
-Որովհետև Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի դաշնակիցը, և դաշնակցի կայունությունը, անշուշտ, անհանգստացնում է բոլոր նրանց, ովքեր իր բարեկամներն են: Երբ ձեզ մոտ հարցեր են առաջանում, թե արդյոք այս կամ այն հայտարարությունը հանդիսանում է միջամտություն Հայաստանի ներքին գործերին, պատկերացրեք, որ այդ հայտարարությունն անում է Միացյալ Նահանգների նախագահը կամ պետքարտուղարը, և այդ ժամանակ պարզ կլինի՝ պատրա՞ստ եք արդյոք ընդունել այդ սխեման, թե՞ ոչ: Այնպես որ, ես այստեղ որևէ տարբերություն չեմ տեսնում:
- Ես կմեջբերեմ մի հատված այն պատասխանից, որը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը տվել է՝ պատասխանելով թեմային վերաբերող հարցին: Տիգրան Բալայանն ասել է. «Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։ Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
-Որքան ես գիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու փորձի համար: Տիգրան Բալայանի հայտարարության մեջ կա՞ն խոսքեր դրա մասին:
- Նա խոսում է իրավական պետության կայացմանն ուղղված գործընթացների մասին: Կարելի է հասկանալ՝ ինչ ենթատեքստ ունեն այս խոսքերը:
-Իրավական պետությունը մեղադրանքի ճշգրիտ ձևակերպումն է՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մասին: Վերջ: Տիգրան Բալայանի հայտարարության մեջ հիշատակվո՞ւմ սահմանադրական կարգի տապալման փորձի մասին: Ո՛չ, չի հիշատակվում: Նշանակում է՝ մենք չենք կարող ասել, որ Տիգրան Բալայանի հայտարարությունն առնչվում է Սերգեյ Լավրովի հայտրարությանը:
- Լավրովն ասում է, թե «մենք, որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված ենք եղել հայկական պետության կայունությամբ»: Այսինքն՝ այսպե՞ս են Ռուսաստանն ու Սերգեյ Լավրովը պատկերացնում կայուն պետությունը, որ իշխանությունները կարող են թալանել, սպանել, բայց նրանց չի կարելի դատել, որովհետև դա կվնասի երկրի կայունությա՞նը:
-Դուք հիմա ձեր խոսքերով շարադրեցիք Լավրովի հայտարարությո՞ւնը: Ե՞րբ է Լավրովն ասել, որ կարելի է գողանալ:
- Ո՛չ, դա իմ հարցն է, որովհետև հիմա կալանավորված է Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով:
-Քոչարյանը մեղադրվում է գողության համա՞ր:
- Չի բացառվում, որ հետագայում կարող է նաև այդպիսի մեղադրանք առաջադրվել:
-Քոչարյանը հիմա մեղադրվո՞ւմ է գողության համար:
- Նա մեղադրվում է 2008 թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների գործով:
-Ձեր մեկնաբանությունը կապ չունի Սերգեյ Լավրովի հայտարարության հետ: Լավրովը մի բառ չի ասել գողության մասին:
- Ինչո՞ւ եք կառչել այդ բառից: Իսկ 10 հոգու սպանությո՞ւնը:
-Դուք ասել եք՝ թալանել, սպանել և այլն:
- Այո, ասել եմ:
-Իսկ Լավրովը նման բան ասե՞լ է:
-Ներեցեք, դուք չեք հասկացել իմ հարցը: Նա ասում է, թե «մենք հետաքրքրված ենք հայկական պետության կայունությամբ»:
-Իսկ դուք հետաքրքրվա՞ծ եք ձեր պետության կայունությամբ:
- Այո, հետաքրքրված ենք:
-Լավրովն ասում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը սպառնում է երկրի կայունությանը:
- Դա իր կարծի՞քն է:
-Այո: Մի՞թե Քոչարյանը մեղադրվում է գողության համար:
- Նա մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով, երբ սպանվեց 10 մարդ:
-«Մարտի 1»-ի գործը մեղադրանքն է սահմանադրական կարգը տապալելու փորձի համար: Իմ կարծիքով՝ եթե Ռոբերտ Քոչարյանի գործով դատական գործընթացը սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով արդար լինի, ապա այդ մեղադրանքը կփլուզվի: Գործող նախագահը չի կարող ինքն իրեն տապալել: Դա նոնսենս է:
- Այդ նույն բառերն ասաց Ռոբերտ Քոչարյանը:
-Շատ լավ: Եթե նույնիսկ Քոչարյանն ասի, որ 2x2=4, ես պիտի կասկածե՞մ դրան: 2x2=4: Գործող նախագահը չի կարող ինքն իրեն տապալել: Դա նոնսենս է: Երբեմն մեր կարծիքները համընկնում են»;
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը