02 08 2018

Դատարանը կալանքի որոշում է կայացրել՝ ունենալով... զրո փաստ. «Հայոց աշխարհ»

Դատարանը կալանքի որոշում է կայացրել՝ ունենալով... զրո փաստ. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է. «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը անխուսափելիորեն բողոքարկվելու էր, ինչի մասին արդեն հայտարարել էին նրա պաշտպանությունն իրականացնող փաստաբանները: Երեկ արդեն Վերաքննիչ քրեական դատարան է ներկայացվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը, որի վերաբերյալ հարցով էլ «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցն սկսեց զրույցը պաշտպանական խմբում ներգրավված փաստաբան Հովհաննես Խուդոյանի («Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակ) հետ:

-Երկու օր նշվում էր, որ նախապատրաստվում է նշված բողոքը: Ի՞նչ խնդիր էր ծագել այն Վերաքննիչ ատյան ներկայացնելու հետ կապված:

-Բավական շատ աշխատանք էր պահանջվում, որովհետև տարբեր հարթություններով էր հարցը քննարկվում, բազմաթիվ տեսանկյուններ կային, որ բողոքի մեջ պետք է տեղ գտնեին: Հազվադեպ է, երբ մեկ բողոքի վրա աշխատում է մի քանի փաստաբան: Ոճերի, տեքստի, դիրքորոշումների համաձայնեցման խնդիր կա:

Բացի դրանից, անընդհատ բողոքը լրացվում էր: Եթե մենք բողոքը ներկայացնելու առումով ժամանակի խնդիր չունենայինք, ապա բողոքի վրա դեռ 6 օր էլ կարող էինք աշխատել:

Ի վերջո, այդ համատեղ աշխատանքի արդյունքում Վերաքննիչ դատարան այսօր (երեկ՝ օգոստոսի 1-ին-թղթ.) ներկայացված է բողոքը: Այժմ տեսնենք, թե որ դատավորին է այն մակագրվում, և գործի քննությունը որ օրն է նշանակվում: Համենայն դեպս դա տեղի կունենա առաջիկա մեկշաբաթյա ժամկետում:

-Ի՞նչ է նշանակում՝ «բողոքը շարունակ լրացվում էր»: Այդքան շա՞տ խոցելի կետեր կային կալանավորման որոշման մեջ:

-Գործը սովորական գործ չէ, մասնագիտական տեսանկյունից շատ բազմաշերտ է, անկախ նրանից, թե ինչպիսի որոշում կկայացնեն դատարանում:

Մյուս կողմից՝ դատարանն իսկապես այնքան վատ որոշում է կայացրել, այնքան շատ են թերությունները, որ դրանց վրա անընդհատ կարելի է աշխատել:

Այո, շատ խոցելի կետեր կան:

Մի փոքր օրինակ, ինչի մասին պարոն Ռուբեն Սահակյանը արդեն խոսել է, այն, որ պաշտպանական կողմին բավարար ժամանակ չէր տրամադրվել նյութերին ծանոթանալու համար:

Տեսեք, մոտ 150 թերթ է նյութերի ֆիզիկական ծավալը: Նշեմ, որ քրեական գործի մեկ հատորը կարող է լինել մոտ 200 թերթ, իսկ մեզ ներկայացված նյութերի բովանդակային մասը նկատի ունենալով, կարելի է ասել՝ 2 հատորի ծավալ կար: Սովորաբար, 1 հատորի ծանոթացման համար տրամադրվում է 1 օր ժամանակ: Այս դեպքում, օրինակ, Ռուբեն Սահակյանին մոտ 4 ժամ է տրամադրվել՝ ժամը 18-22-ի միջակայքում, իսկ ես եւ պարոն Օրբելյանը առհասարակ չէինք կարող մինչև նիստը ծանոթանալ նյութերին, քանի որ հենց նիստի ընթացքում ենք ներգրավվել գործին:

Դա, իհարկե, նորմալ չէ, որովհետև դատարանը նման խնդիր չուներ՝ կայացնելու շտապողական որոշում: Ռոբերտ Քոչարյանին ՀՔԾ-ն չէր ձերբակալել, եւ 72 ժամը լրանալու հետ կապված խնդիր չկար: Ու մենք դատարանին բազմիցս հորդորել ենք, որ մեզ տրամադրի ժամանակ, որովհետև երբ գործով ներգրավում ես փաստաբան և նրան ժամանակ չես տրամադրում, ստացվում է, որ պաշտպանության իրավունքը չի ապահովվում, կամ այն ձևական բնույթ է ունենում: Ընդգծեմ, որ նշածս ժամանակի խնդիրը, որը լրջագույն դատավարական խախտում է, եղած խնդիրներից ամենափոքրն է:

-Ամեն դեպքում մեղադրանք ներկայացվել է ու, որքան հասկացանք, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար: Իսկ ի՞նչ կա մեղադրանքի բովանդակության մեջ: Նա կոնկրետ ի՞նչ է արել:

-Խնդիրը հենց այն է, որ մենք չհասկացանք մեղադրանքի բովանդակությունը, այսինքն՝ կոնկրետ ի՞նչ գործողությունների մասին է խոսքը, ի՞նչ եղանակով է տապալվել սահմանադրական կարգը:

-Կներեք, պարոն Խուդոյան, բայց պետք է ասվեր, չէ՞, ինչո՞վ է սահմանադրական կարգը տապալել՝ արտակարգ դրություն մտցնելո՞վ, ինչ-որ հրաման տալո՞վ, որեւէ խորհրդակցությա՞մբ կամ ա՞յլ գործողությամբ:

-Մենք նույն հարցերն առաջադրում ենք Հատուկ քննչական ծառայությանը. նշեք, խնդրում ենք, այն գործողությունը, որ հանգեցրել է հակաիրավական, պատժելի արարքների, ինչպիսի՞ գործողություններով է, ըստ ձեզ, Ռոբերտ Քոչարյանը տապալել սահմանադրական կարգը: Մենք պատասխան չենք ստանում:

-Բայց մի՞թե օրենքը չի պահանջում ներկայացնել անձին կոնկրետ մեղադրանք:

-Միանշանակ, իրավացի եք: Բայց ինչպես կոլեգաներս արդեն ասել են, գործ ունենք ապօրինի որոշման և ապօրինի հետապնդման հետ, եւ դժվար է նման պայմաններում ակնկալել, որ մեղադրանքը իդեալական հիմնավորված լինի:

-Լավ, իդեալականը պետք չէ, գոնե հիմնավորված լինի։

-Տեսեք. օրենքի պահանջ է, որ յուրաքանչյուր անձ պետք է պատասխան տա իր գործողությունների համար: Իսկ գործողությունն էլ պետք է հստակ նկարագրված լինի մեղադրանքում: Հիմա խնդիրն այն է, որ երբ մենք չունենք ներկայացված որոշակի հասկանալի միտք, չենք կարող դրա շուրջ դատողություններ անել:

-Ի դեպ, դուք առիթ ունեցե՞լ եք կալանքի վայրում հանդիպել ձեր պաշտպանյալի հետ: Ինչպե՞ս է իրեն զգում Ռոբերտ Քոչարյանը:

-Պարոն Քոչարյանը ֆիզիկապես իրեն լավ է զգում: Հոգեբանորեն՝ վճռական է տրամադրված: Ինչպես հայտարարեց, պատրաստվում է պայքարել մինչեւ վերջ՝ իր իրավունքների պաշտպանության համար, բոլոր իրավական միջոցներով:

Հնարավորության սահմաններում մարզվում է և աշխատում գրքի վրա, որի մասին նշել էր:

-Բարի: Վերադառնալով գործին, հասկանալի է, հաշվի առնելով նախաքննության գաղտնիքները չհրապարակելու պարտավորությունը, հակիրճ գոնե կարելի՞ է ասել, թե Հատուկ քննչական ծառայության ներկայացրած մեղադրանքի տակ ի՞նչ կա:

-Կարելի է ասել՝ ոչինչ չկա:

-Այսօր, ի դեպ, հարցեր են տրվում, թե որքանո՞վ էր անհրաժեշտ նախկին նախագահի կալանավորումը:

-Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումն ավելի շուտ անձնավորված է, նաև՝ հաշվի առնելով էմոցիոնալ ինչ-որ ֆոն:

Մեր դեպքում, հատկապես կոլեգաներիս վրդովմունքը պայմանավորված էր նրանով, որ դատարանն արդեն այդ կետում պետք է գործն ավարտեր, որովհետև հիմնավոր կասկած առաջացնող որեւէ փաստական հանգամանք դատարանին չէր ներկայացվել:

-Դուք և ձեր կոլեգաները նշում եք, որ նախկին նախագահին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը վատն է, ապօրինի: Ինչո՞ւ է այն վատը կամ ապօրինի:

-Դա շատ հստակ է: Մենք դիտարկում ենք փաստերը: Օրինակ, դատարանին ներկայացվա՞ծ են կալանքի համար անհրաժեշտ փաստեր, թե՞ ոչ: Ենթադրենք, պետք է ներկայացվեր 10 փաստ, դատարանն ունեցել է 5 փաստ, կալանքի որոշում է տվել: Սրա շուրջ կարելի է քննարկում ծավալել: Իսկ կոնկրետ այս դեպքում դատարանն ունենալով զրո փաստ՝ կալանքի որոշում է տվել: Մեզ համար այդ որոշման ապօրինությունը որևիցե ձևով չի կարող կասկածի տակ դրվել:

Եվ մասնագիտական կարծիք հայտնեմ, որ այն օրը, երբ որ այդ գործը կավարտվի, և տեղեկատվությունը հրապարակային կդառնա, մեծ է հավանականությունը, որ վարույթն իրականցնող մարմինը կամ դատավորը կարող են կանչվել պատասխանատվության ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու համար: Սա շատ լուրջ է:

-Կա նաև տեսակետ, որ դատարանն ուղղակի իշխանության քաղաքական հրահանգն է կատարել՝ կալանավորելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

-Ես այդ հարցին կնախընտրեմ չպատասխանել, որովհետև դա մասնագիտական գնահատական չի լինի:

Ես ընդամենը այդ հարցի կեսին կպատասխանեմ. այն, ինչ կատարվում է մեր պաշտպանյալի հետ, դրանում իրավական հետապնդումն առկա չէ: Թե դա ի՞նչ է, չեմ մեկնաբանի, արդեն բոլորովին այլ տարբերակների մասին կարելի է մտածել»

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ