31 07 2018

«Բազար-բլոտ»՝ հայ-ռուսական հարաբերությունների գլխին. «Հայոց աշխարհ»

«Բազար-բլոտ»՝ հայ-ռուսական հարաբերությունների գլխին. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն, որ մենք չեղած տեղից խնդիրներ ստեղծելու հարցում գրեթե անգերազանցելի ենք, հանրահայտ է: Այդ առումով, կարծում ենք, լրացուցիչ ու թարմ օրինակ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու, կալանավորելու որոշման, ապա գրավի դիմաց ազատ արձակելու, այսինքն՝ խափանման այլ միջոց կիրառելու հետ կապված պատմությունը:

«Մարտի 1-ի» գործով կոնկրետ Յուրի Խաչատուրովին ներկայացված մեղադրանքի բովանդակության և քրեաիրավական բնույթի խնդիրներին այս հրապարակմամբ չենք անդրադառնա: Դրա համար կան համապատասխան գործընթացներ՝ քննություն, դատաքննություն, չհաշված փաստաբաններին և այլն:

Խոսքը առավելապես արտաքին քաղաքական խնդիրների մասին է: Այն, որ ՀԱՊԿ հիմնադիր-անդամ Ռուսաստանի պետական ու արտաքին-քաղաքական վերնախավում հիացած չեն այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի նկատմամբ իր քաղաքացիության երկրում քրեական հետապնդում իրականացնելու որոշումից թերևս պարզից էլ պարզ է: Բայց, ամեն դեպքում, Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է և որոշակիորեն նրան մեղադրանք ներկայացնել-չներկայացնելը, կալանավորել-չկալանավորելը Հայաստանի ներքին, ավելին՝ ներքին իրավական խնդիր է:

Ողջ հարցն այն է, թե ինչպե՛ս, քայլերի ի՛նչ հաջորդականությամբ է այդ ամենը կատարվել: Նախ՝ որպես վկա հարցաքննվելու համար Յուրի Խաչատուրովը հրավիրվում է Հատուկ քննչական ծառայություն, հետո «տեղում» նրա կարգավիճակը վկայից փոխվում է (միանգամից) մեղադրյալի, կալանավորման միջնորդություն է ներկայացվում, դատարանի որոշմամբ՝ գրավի դիմաց նա ազատ է արձակվում, հասկանալի է, բնակավայրը չլքելու պարտավորությամբ, ինչը խափանման միջոցի տեսակ է:

Այդ ամենը արվում է մի իրավիճակում, երբ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակում է: Եվ միայն այն բանից հետո, երբ քրեական հետապնդումն իրականացված է, Հայաստանը պաշտոնապես հայտարարություն է անում, թե՝ «Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»:

Հավելենք, որ այդ ընթացքում, հուլիսի 27-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունենում իր հայաստանյան գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ: Թե հատկապես ինչն է եղել այդ հեռախոսազրույցի նյութը, հայտնի է դառնում հաջորդ օրերի տեղեկատվական արտահոսքից:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու վերաբերյալ Հայաստանի հայտարարությանը հետևում է ռուսական ՏԱՍՍ գործակալության հուլիսի 28-ի հրապարակումը, որով ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան, բայց անանուն աղբյուրը բացատրում է իրավիճակի իրենց ընկալումը:

Բացատրում է դիվանագիտականից նկատելիորեն դուրս եկող սահմաններում, և որոշակի ընկալմամբ դա կարելի է համարել հրապարակային ապտակ մեր պետության արտաքին-քաղաքական գերատեսչությանը։

Ահավասիկ: Գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հիշյալ անանուն աղբյուրը բնորոշել է որպես տարօրինակ, «մանավանդ որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել Հայաստանի արտաքին-քաղաքական գերատեսչության անձնակազմի վրա, որը ոչ այնքան վաղուց ՀԱՊԿ-ին է ներկայացրել Խաչատուրովի թեկնածությունը, և որն, ամենակարևորը, գերազանց գիտե ընթացակարգը, որի համաձայն Հայաստանը պետք է նախաձեռնի տվյալ պետության ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետկանչի գործընթաց»:

Եթե հակիրճ, ռուսական կողմը տարակուսանք է հայտնել Հայաստանի ԱԳՆ ոչ պրոֆեսիոնալ գործելակերպի վերաբերյալ:

Ավելին՝ ՏԱՍՍ-ի տվյալ հրապարակման մեջ, հիշյալ աղբյուրի մեջբերված խոսքում նշված է. «Եթե Երևանում որոշել են, որ տվյալ պաշտոնում պարոն Խաչատուրովի գտնվելը իրենց ձեռնտու չէ, ապա Հայաստանից պետք է ՀԱՊԿ-ը համապատասխան գրավոր ծանուցում ստանա, և միայն դրանից հետո կսկսվի պաշտոնական ընթացակարգը (պրոցեդուրան), ու ոչ թե՝ փոխարինման, այլ գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցման»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ