28 07 2018

Ավելին, քան քաղաքական հաշվեհարդար. «Հայոց աշխարհ»

Ավելին, քան քաղաքական հաշվեհարդար. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Երեկվանից լևոնականները անթաքույց ոգևորությամբ են համակված. կատարվել է նրանց տասնամյա, իսկ ոմանց նաև՝ 20 տարվա երազանքը. մեղադրանք է ներկայացվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ի դեպ, այն զավեշտական հիմքով, ինչ հիմքով որ Ռոբերտ Քոչարյանին է մեղադրանք ներկայացվել 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած ու ողբերգական հետևանքներ ունեցած դեպքերի հետ կապված, նույն ՀՔԾ-ն շատ ավելի հիմնավոր կարող էր մեղադրանք ներկայացնել նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ 1996թ. սեպտեմբերի 25-26-ի դեպքերի հետ կապված, երբ բանակը, տանկերով ու զրահամեքենաներով գրավեց Երևանը, մայրաքաղաքի բոլոր հիմնական մայրուղիները կապող խաչմերուկները:

Նույն 2008 թվականի մարտի 1-ի արյունալի զարգացումների պատասխանատվության մի մեծ բաժին ևս Լևոն Տեր-Պետրոսյանի վրա է...Բայց ՀՔԾ-ն մեղադրանք ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանին, ըստ էության, այն բանի համար, որ 10 տարի առաջ թույլ չի տվել մետաղաձողերով, դյուրավառ հեղուկով շշերով, «քարուփայտով» զինված անձանց բազմությունը տապալի երկրում գործող սահմանադրական կարգը և Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահ հռչակի:  

Ինչպես 10 տարի առաջ, այնպես էլ այժմ, իրադարձությունների կենտրոնում էր Նիկոլ Փաշինյանը: Այն ժամանակ՝ որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, որը բոցաշունչ ելույթներ էր ունենում՝ ոգևորելով բազմությանը, իսկ հիմա, որպես առանց արյունահեղության «թավշյա» իշխանափոխությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, պետության փաստացի ղեկավար:

Շարունակ նշվում է՝ Հատուկ քննչական ծառայությունը, բայց պարզից էլ պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվել է այլ, ամենայն հավանականությամբ՝ վարչապետի աշխատասենյակում: Ու չի կարելի բացառել, որ Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ էլ նման մի հարց շոշափված լինի:   

Ամեն դեպքում, հենց միայն այն, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք ներկայացնելու նախօրեին ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից ազատվեց Մուշեղ Բաբայանը, որը, ըստ հրապարակումների, պետք է հարցաքններ նախկին նախագահին, և միայն դրանից հետո սկսվեց այս իրավական, ինչպես ասվեց՝ սյուրռեալիզմը, շատ բանի մասին է վկայում:   

Ամեն դեպքում, անգամ այդ մեղադրանքը ներկայացնելու ձևն էլ խոսուն է: Իրենց կարծիքով՝ իբր «մանր խորամանկություն» են արել. Ռոբերտ Քոչարյանին որպես վկա հարցաքննելու համար հրավիրել են ՀՔԾ: Նա Հայաստանում չէր և հայտարարել էր, որ նշանակված օրը կլինի երկրում ու կգնա հարցաքննության:   

Անգամ այդ ձևական կողմը ՀՔԾ քննիչը կամ քննիչները չեն պահել, երբ կարող էին որպես վկա հարցաքննել, ապա դրանից հետո միայն կայացնել որոշում՝ մեղադրանք ներկայացնելու մասին: Որպես վկա հարցաքննության կանչված անձնավորությանը ասել են, թե՝ նրան մեղադրանք է ներկայացված: Երևի կարծում էին, որ եթե միանգամից հայտարարեին մեղադրանք ներկայացնելու մասին, Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայանա կամ ընդհանրապես չէր վերադառնա Հայաստան:   

Բայց երևի թե ճիշտ չեն գնահատել նախկին նախագահին: Համենայն դեպս ակտիվ քաղաքական գործունեության շրջանում Ռոբերտ Քոչարյանը մշտապես իրեն դրսևորել է որպես ամեն մի վտանգ կամ սպառնալիք համարձակորեն դիմագրավող քաղաքական, պետական գործիչ ու անհատ:    Դա, կարծում ենք, պարզորոշ երևաց նաեւ հիշյալ «հարցաքննությունից» հետո նրա տված հարցազրույցի ընթացքում, ինչպես նախկին նախագահի տված գնահատականներից ու հայտարարություններից, այնպես էլ՝ ընդհանուր պահվածքից:   

Արձագանքները, իհարկե, չուշացան: Առաջիններից մեկը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան կարճ գրությամբ նշեց. «Չէ, սա վենդետա չի: Սա իրավական վակխանալիա է և քաղաքական տեռոր»:  

Վակխանալիան թերևս մեղմ է ասված: Սկզբունքորեն, ի՛նչ մեղադրանք է ներկայացված 2008-ին իր պաշտոնավարումն ավարտող Ռոբերտ Քոչարյանին: Ասում են՝ սահմանադրական կարգի տապալում, ինչն անհեթեթություն է, իհարկե:   

Այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ պետք է աներ, եթե արտակարգ դրություն չհայտարարեր՝ դրանից բխող գործողություններով: Դա՞ է սահմանադրական կարգի տապալում մեկնաբանվում հիմա: Այսինքն՝ պետք է թույլ տրվեր, որ անկառավարելի իրավիճակը հնարավորինս տարածվի՞, զոհերի թիվն ավելանա՞, արյունահեղությունն ավելի՞ ծավալվի: Որ ինչ-որ մեկն առավոտյան ասի, թե այդ գիշեր անասելի լավ է քնե՞լ...  

Դժվար է ասել, թե այս վտանգավոր ձնագունդը ուր կամ դեռ որքան կգլորվի: Կապրենք՝ կտեսնենք, ի վերջո: Բայց այն, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին նման մեղադրանք ներկայացնելը պետության համար բազմակողմանի վտանգավոր «խաղ» է, կարծում ենք, ակնհայտ է:   

Առավել ևս այն բանից հետո, երբ նույն գործով ու նույնաբովանդակ մեղադրանք ներկայացվեց այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Յուրի Խաչատուրովին: Անկախ նրանից, թե ինչ հակաօրինական արարք է թույլ տվել կամ թույլ չի տվել նշված զինվորական պաշտոնյան, քաղաքական, հատկապես՝ արտաքին-քաղաքական կոպիտ սխալ էր նրան հենց այս պաշտոնն զբաղեցնելու դրությամբ մեղադրանք ներկայացնելը:   

Չէ, սա ավելին է, քան քաղաքական հաշվեհարդարը կամ վենդետան կամ՝ ինչ ուզում եք՝ ասեք: Սա քաղաքական անհեռատեսություն է: Սա պետական շահերի և խնդիրների ստորադասում է անձնական սևեռումներին ու հավակնություններին:

Ի դեպ, այս ամենի հնարավոր հետևանքներից մեկը թերևս այն կարող է լինել, որ ակտիվ քաղաքականությունից հեռացած Ռոբերտ Քոչարյանը իսկապես որոշի վերադառնալ քաղաքական գործունեության, անկախ այն բանից՝ անազատության մեջ կլինի՞, թե՞ ոչ:    Մյուս կողմից, դեպքերի նման ընթացքը կարող է արագացնել կամ կատալիզատոր լինել այն ուժերի ու շրջանակների համախմբման համար, որոնք այսպես ասենք՝ այնքան էլ հիացած չեն թավշահեղափոխական այս ամբողջ շիլաշփոթով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ