19 02 2025

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ 2025 թվականի հունվարի 24-ին «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան՝ ընդդեմ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն:

Իսկ ում է պատկանում «Եվրոասֆալտ»-ը: Խիստ կասկածելի է, բայց այս ընկերությունը, ըստ փաստաթղթերի, ունի 2 բաժնետեր՝ Սվետլանա Պողոսյան եւ Լուսիկ Գեւորգյան (վերջինս գրանցված է Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում): Ասֆալտբետոնի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել է 2021-ի մարտից: Ըստ մամուլի՝ Կառլեն Սիմոնյանը «Եվրոասֆալտ»-ում որպես տնօրեն գրանցվելիս ու հետադարձ կապի միջոց ներկայացնելիս նշել է [email protected] էլեկտրոնային հասցեն։

Այսինքն՝ կապ ունի նաեւ այդ ընկերության հետ: Տեղեկացնենք, որ «Թի էս քնսթրաքշն» ընկերությունը հիմնվել է 2019-ին, բաժնետերը Երեւանում գրանցված Մարիետա Ավագյանն է, որի միակ ընկերությունն է այս «քոնսթրաքշնը»: Linkedin սոցիալական ցանցում Կառլեն Սիմոնյանը նշել է, որ «Թի էս քնսթրաքշն»-ի փոխտնօրենն է։ Այս ընկերությունը զբաղվում է բետոնի արտադրությամբ, որի ստուգումը, կազմակերպումն ու մատակարարումը անցկացվում է իր լաբորատորիայում։ «Թի էս քնսթրաքշն»-ն ունի 21 տեխնիկա ու 30 մասնագետ, իսկ բետոնխառնիչ մեքենաները Mercedes-Benz Actros մակնիշի են, որոնց շուկայական գինը տատանվում է 60-70 հազար դոլարի միջակայքում։ Ունի երկու տասնյակից ավելի աշխատակից:

Իսկ ինչ խոշոր գումարներ են փոխանցվել պետությունից Ալեն Սիմոնյանի եղբոր տնօրինած ընկերությանը: 2021-ի հունիսի 17-ին հրատապ բաց մրցույթի ընթացակարգով «Եվրոասֆալտ»-ը 368 միլիոն դրամի պայմանագիր է կնքել ՏԿԵ նախարարության հետ՝ Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը վերանորոգելու համար: Այնուհետեւ, մեկ այլ պայմանագրով 287.5 միլիոն դրամով Ապարան քաղաքի եւ հարակից բնակավայրերի ավտոճանապարհներն է նորոգել:

Արդեն 2023-ին նույն նախարարության հետ, դարձյալ առանց մրցույթի, 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման համար:

Ու երբ լրատվամիջոցները մեծ ուշադրություն դարձրին «Եվրոասֆալտ» ընկերությանը, 2023-ին սեփականատերեր կանայք որոշեցին ԱԺ նախագահի եղբորը ազատել աշխատանքից՝ տնօրեն նշանակելով Լիլիա Հովհաննիսյանին: Ընկերության ներսում կատարված այս «իշխանափոխությունից» հետո «Եվրոասֆալտի» գործերը կտրուկ վատացան:

«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի դեմ տարատեսակ հայցերով՝ ֆիզանձերից մինչեւ բանկերին փոխկապակցված կազմակերպություններ եւ ապահովագրական ընկերություններ են մտել դատարան։

«Արինս Կապիտալ»-ը, «Ռոգո ինշուրանս»-ը, «Արգիշտի 2»-ը, «Վիկան»-ը, «Բետոնագործ»-ը, «Սեւակ Բոյաջյան»-ը «Եվրոասֆալտի» գործով դատարան են դիմել:

Եվ հիմա թեեւ փաստաթղթերով ԱԺ նախագահի եղբայր Կառլեն Սիմոնյանը այլեւս կապ չունի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ, սակայն նրա հեռանալուց հետո «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան, գործը մակագրվել է դատավոր Ինգա Բարսեղյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ