«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ. գնդակը արդեն ՀՀ Ազգային ժողովի դաշտում է:
Արտախորհրդարանական եվրոպամետ ուժերը նախորդ շաբաթ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը» մուտք են արել խորհրդարան: Նախագիծը ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում է, 1 ամիս քննարկումներից հետո՝ այն 2025 թվականին կմտնի ԱԺ օրակարգ: Թե ինչ որոշում ունի քաղաքական մեծամասնությունը ԵՄ անդամակցության վերաբերյալ, հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհստակեցրեց: Նա ասաց, որ աշխատանքային քննարկումներ են ընթանում, խմբակցության մակարդակով վերջնական որոշում դեռ չունեն: «Հայաստանի Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ ասաց՝ չգտի, թե իշխող ուժը ինչ որոշում կկայացնի նախագծի մասով. «Իշխանություններից բարձր մակարդակով ազդակ է եկել, որ պատրաստ են քննարկել նախագիծը, Ալեն Սիմոնյանն էլ էր ասել՝ թող ներկայացնեն նախագիծը, կքննարկենք, բայց թե ինչ որոշում կկայացնեն, չենք կարող ասել»։
Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը սեպտեմբերի 16-ից մեկնարկել էր ԵՄ հանրաքվեի հարցով ստորագրահավաքը։
Նախաձեռնող խումբը պետք է հավաքեր 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտներ ԱԺ օրակարգ։ Սեպտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 14-ը նախաձեռնությունը 60 հազար ստորագրություն էր հավաքել, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում վավերացրել էր ԵՄ-ին միանալու 52 351 ստորագրությունը։ Եթե Ազգային ժողովը նախագիծը մերժի, նախաձեռնության անդամները պետք է 300 հազար ստորագրություն հավաքեն, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը