«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վերջին մի քանի ամիսներին հեծանիվը դարձել է Նիկոլ Փաշինյանի քարոզչության մի բաղադրիչը. նա հնարավոր հարմար առիթի դեպքում հեծանիվ է քշում և բոլորին հորդորում անել նույնը։ Ավելին, նա նույնիսկ որակումներ է նվիրում հեծանիվին՝ օրինակ՝ «հեծանիվը կյանք է», «հեծանիվն առաջընթաց է», «կեցցե հեծանիվը» կարգի:
Ինչպես երևում է, նա որոշել է հեծանիվի կարևորության թեմայի համար ավելի լայն տարածում ապահովել: «Փաստ» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի առաջին շաբաթներին հայաստանյան մի շարք դպրոցների հատկացվել են հեծանիվներ, և տնօրենների առաջ խնդիր է դրվել հեծանիվի «PR»-ը տեղը տեղին կազմակերպել։ Թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված դպրոցի տնօրենները բավական դիսկոմֆորտ իրավիճակում են հայտնվել և իրենց կոլեկտիվներում դժգոհել, թե «հիմի մենք էս մի երկու հատ հեծանիվով ի՞նչ անենք»։
Ի դեպ, մենք ունենք նաև տեղեկություններ, որ հատկապես մարզերում շատ պաշտոնյաներ սկսել են առավոտյան ցուցադրաբար հեծանիվ քշել: Ճիշտ, ինչպես խորհրդային ժամանակներում, երբ երկրի ղեկավարի որևէ քմահաճույք կամ հոբբի սկսում էին կրկնօրինակել երկրորդ-երրորդ էշելոնի չինովնիկները, ասենք՝ վազել, ինչպես «Մենավոր ընկուզենին» ֆիլմում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը