03 09 2024

Փաշինյանի կերտած Հայաստանում Արցախի անկախության օրը չհիշվեց․ «Ժողովուրդ»

Փաշինյանի կերտած Հայաստանում Արցախի անկախության օրը չհիշվեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ողջ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իր իսկ պատկերացումներով «կերտել իրական Հայաստան», որտեղ, պետական մակարդակով, այլեւս փակված է հայկական երկրորդ պետության՝ Արցախի էջը, իսկ Արցախի անկախության օրը ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, եւ ոչ մի ուղերձ չի հնչում:

Երեկ Արցախի անկախության հռչակման օրն էր:

Տարիներ շարունակ թե’ Արցախում, թե’ Հայաստանում այդ օրը տոնական մեծ միջոցառումներ են կազմակերպվել, որոնց պարտադիր կերպով մասնակցել է նաեւ Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Այսօր, սակայն, Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանում, որն ընդամենը տարիներ առաջ Արցախի անվտանգության առաջին երաշխավորն էր, պետական մակարդակով անտեսում են Արցախի անկախության օրը: Մայր Հայաստանում երեկ ոչ միայն պետական մակարդակով միջոցառում չանցկացվեց, այլեւ իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկն անգամ հարկ չհամարեց ուղերձ հղել օրվա կապակցությամբ:

Երեկ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները մեկը մյուսի հետեւից գեղեցիկ ուղերձներ էին հղել ուսումնական նոր տարվա առիթով, իսկ Արցախի մասին՝ զրո խոսք:

Ավելին, այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշել էր մարզային շրջագայություն կատարել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Նախ Սյունիք, հետո Տավուշ՝ իր իշխանության օրոք մասնատված Կիրանց գյուղում դպրոցի բացմանը մասնակցելու:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանի ու կնոջ ժամանումից առաջ, նրանց վախերին ու անհանգստությանը հագուրդ տալու համար՝ մի լավ ստուգումներ են կատարել դպրոցում եւ հարակից տարածքում, իսկ Փաշինյանին եւ կնոջը մեծ թվով անվտանգության աշխատակիցներ են ուղեկցել: Ի դեպ, ոչ մի խոսք չհնչեց նաեւ գերիների ու ռազմագերիների մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ