«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Ճանապարհների ապաշրջափակման կետը խաղաղության պայմանագրի տեքստից հանելու համար Նիկոլ Փաշինյանը մեծ ջանքեր է գործադրել՝ իր արևմտյան մեկենասներին համոզելով, որ այդ կետը ներառելը կարող է դնել իր իշխանության տապանաքարը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները հայտարարեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և հարցի քննարկումը տեղափոխել ավելի ուշ փուլ։ Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արևմտյան գործընկերներին Փաշինյանը ներկայացրել է ներքին հարցումների արդյունքներ, համաձայն որոնց իր իշխանության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել: Նա բացատրել է, որ եթե այս մի զիջմանն էլ գնա այս փուլում, ապա դա կարող է երկրում իրավիճակի արտահերթ սրման բերել և այդ դեպքում` անգամ ամենափայլուն փիառն ու հեծանիվ-տոլմա շոուն չի փրկի և ՔՊ-ն չի կարող անգամ երազել իշխանության վերարտադրության մասին։
և Արևմուտքն ու մեր հարևանները համաձայնել են հարցի նման լուծմանը: պայմանավորվել են կողմերի միջև կնքել մի ձևական փաստաթուղթ, որում տեղ չի գտնի հիմնական կռվախնձորը` այն կթողնվի հետագա բանակցություններին: Դրանով մի կողմից՝ ցույց կտան, որ իրենք են գործընթացի «քավորը», ոչ թե Ռուսաստանը, մյուս կողմից՝ ամեն ինչ փորձելու են անել, որ Փաշինյանի իշխանությունը չերերա և 2026-ին վերարտադրվի, որպեսզի ավարտին հասցնեն ՌԴ-ին տարածքաշրջանից դուրս մղելու իրենց ծրագիրը։ Իրականում սա Հայաստանի համար վտանգավոր լուծում է, քանի որ գլխավոր հարցը մնում է չլուծված և սա պոտենցիալ սրացումների և անգամ պատերազմի հավանականությունը պահպանում է: Իսկ մեր դեպքում` մեծ վտանգներով է հղի, քանի որ մեր միամիտ հասարակությունը նորից խայծը կուլ կտա և առաջիկա ընտրություններին կաջակցի ՔՊ-ին` վերարտադրվել, չպատկերացնելով, որ «միջանցքի» թեման ընդամենը փոքր ինչ հետաձգվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը