02 08 2024

Խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգա նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ. «Ժողովուրդ»

Խորհրդարանական ընդդիմությունը հանդես կգա նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական ընդդիմությունը սեպտեմբերին հանդես կգա ԱԺ նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Հերթական քննիչ հանձնաժողովը զբաղվելու է հունիսի 12-ին ԱԺ բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողությունների ուսումնասիրությամբ:

Հիշեցնենք, որ ընդդիմության հավաքի ժամանակ ուժայինները կիրառել էին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, անգամ՝ «Զարյա 3» տեսակի արգելված հատուկ միջոցը: Դրանից ընդամենը օրեր անց՝ հունիսի 26-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «հանկարծ» ապօրինի որոշում կայացրեց՝ մաքրագրելով հանցանքը: Նա փոխեց «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները հաստատելու մասին» հրամանն ու «Զարյա 3»-ի կիրառումը ներառեց թույլատրելի հատուկ միջոցների շարքում։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների հաղորդմամբ՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասով դիմումը արդեն մշակման փուլում է, ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբին այն կներկայացվի խորհրդարան: Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ «Քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով՝ իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»:

Այսինքն՝ ընդդիմությունը կարող է հանդես գալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, բայց նախագիծը հաստատելու համար անհրաժեշտ է լինելու նաեւ իշխող ուժի ձայնը:

ՔՊ-ն կարող է չհաստատել հանձնաժողովի կազմը, չներկայացնել հանձնաժողովում ներկայացուցիչ՝ տապալելով դրա ստեղծումը:

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այդ օրը «ոստիկանության հակազդեցությունը եղել է պրոֆեսիոնալ, նմանատիպ դեպքերում ոստիկանները գործելու են նույն կերպով», կարող ենք վստահ լինել, որ ՔՊ-ն տապալելու է հանձնաժողովի ստեղծումը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ