27 07 2024

Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ»

Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել, հակառակը՝ ինքն է ենթարկվում հանրային օրակարգին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն ուշադիր հետեւել է հանրային արձագանքներին եւ նկատել, որ իր մեկամսյա արձակուրդի մասին լուրը մարդիկ շատ վատ են ընդունել: Համատարած գրում էին` պատերազմով վախեցնողը 1 ամսով արձակուրդ է գնացել:

Եվ քանի որ հիմա ցանկացած կորցրած ձայն կարեւոր է, ուստի որոշել է երեւալ հանրային դաշտում․ արձակուրդում է, բայց աշխատում է: Այսինքն՝ ոչ պաշտոնապես չեղարկել է հանգիստը, սկսել է այցելել մարզեր, տարբեր միջոցառումների մասնակցել։ Թեեւ այդ դեպքում էլ հասկանալի չէ, թե ինչու են արձակուրդում գտնվող անձին պաշտոնական ընդունելության արժանացնում:

Նիկոլ Փաշինյանի հանգիստը «հարամ անողներից» մեկն էլ Բագրատ սրբազանն ու նրա շարժումն են, որոնք այս օրերին ակտիվ հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, մարզային, երեւանյան այցելություններ անում, շարունակում Սուրբ Աննա եկեղեցու բակի հավաք-հաշվետվությունները։ Փաշինյանն ընդդիմության հետ մրցակցությունից ելնելով էլ է առաջնորդվում:

 

Մեզ ասացին, թե անգամ ծրագրված էր, որ պետք է մեկնի Փարիզ՝ օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելու, սակայն նույնիսկ այդ մտքից է հրաժարվել: Փարիզ են մեկնել նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կառավարության անդամներ եւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախօրեին նրանք Փարիզում ներկա են գտնվել Հայկական տան բացմանը եւ հանդիպել են Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամների հետ: Իսկ Փաշինյանը երեկ այցելել է Արմավիրի մարզ, առաջիկայում նախատեսում է Տավուշ, մասնավորապես՝ Կիրանց այցելություն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ