«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են միանգամից ու բոլորով երկարատեւ արձակուրդ գնալ։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 10-ն է արձակուրդում: Խոսնակի տեղեկացմամբ, արանքում Լոնդոնում միջոցառման է մասնակցելու, ապա այցելելու է Տավուշ եւ Արմավիր։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է 20 օրով մեկնել՝ հուլիսի 16-ից օգոստոսի՝ 5-ը։ Նրան հուլիսի 16-22-ը փոխարինելու է փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 5-ը` Հակոբ Արշակյանը։ 10 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել նաեւ ֆիննախարարը, 9 օրով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արձակուրդում է նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մինչեւ հուլիսի 22-ը:
Հիշեցնենք, որ անցյալում, երբ ՀՀ նախագահներն արձակուրդ էին գնում, առավելագույնը՝ 1-2 շաբաթով, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ամբիոնն էր ճոճում, թե` քա՞ր եք քաշել, որ հանգստանալու եք գնում։ Նա հիմա էլ ընդդիմադիրներին է մեղադրում, որ արտերկիր են մեկնում` հանգստանալու: Իշխանության հրահանգով օդանավակայանում հաճախ նկարում են նրանց, սոցցանցերում տեղադրում, թե երկիրը ծանր վիճակում է, դուք ծով եք գնում:
Ի դեպ, մեր աղբյուրն ասում է, որ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին մասնակցելն ընդամենը շղարշ է` Փաշինյանն իր մերձավորների հետ որոշել է այս տարի հանգստանալ Մեծ Բրիտանիայում, ավելի կոնկրետ` Շոտլանդիայում, ինչին վերջին ամիսներին եռանդով պատրաստվում էին Բրիտանիայում ՀՀ դեսպանությունն ու այլ կառույցներ:
Իսկ աշխարհում, որպես կանոն, երկրի ղեկավարների ամեն քայլը հրապարակվում է, եւ այդ հանգիստը ֆինանսավորող հանրությունն ամբողջությամբ տեղեկացվում է, թե որտեղ եւ քանի օր է հանգրվանել պետության ղեկավարը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը