«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ու քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրումն ու բիրտ ուժ կիրառելը խրախուսելու համար, ամեն առիթի պարգեւատրում ու շնորհակալագրեր է հանձնում բռնարարներին:
Նախ հունիսի 12-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի ընթացքում հատուկ միջոցներ կիրառելուց անմիջապես հետո, ոստիկանները ՀՀ պետբյուջերի միջոցներից դրամական պարգեւ ստացան, հիմա էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է որոշել խրախուսել բռնարարներին։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ համաձայն 1-ին հավելվածի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով։ Հետ գնացինք լրահոսով՝ պարզելու, թե այս օրերին ԱԺ ՊՊԾ աշխատակիցներն ինչով են աչքի ընկել:
Պարզեցինք, որ նրանք, օրինակ, ԱԺ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, լրագրողների համար սահմանված օթյակից նրանց ապօրինաբար դուրս հանելով են զբաղված եղել, ինչպես նաեւ խոչընդոտել են ընդդիմադիր պատգամավորների մուտքը իրենց աշխատավայր՝ Ազգային ժողով, դարձյալ հունիսի 12-ին։
Ահա, թե ինչի համար է Ալեն Սիմոնյանը որոշել խրախուսել ՊՊԾ աշխատակիցներին, որպեսզի մյուս անգամ ավելի մեծ ոգեւորությամբ նրանք պաշտպանեն ՔՊ-ական, ինչպես ասվում է, «դավաճան» իշխանություններին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը