«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի դեռ բոլոր ռիսկերը ապահովագրված չեն: Դեռ մայիսի 9-ին, երբ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթը հասավ Երևան, նա Հանրապետության Հրապարակից հայտարարեց՝ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսելու. բայց դեռ ոչինչ չի արվել ու հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում ևս, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իմպիչմենտի գործընթաց դեռ չի նախաձեռնվի: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են: Տեղեկացնենք, որ նախ՝ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու օրակարգով նիստ հրավիրելու համար պետք է 36 պատգամավորներ համապատասխան ձևաթուղթը ստորագրեն, ներկայացնեն ԱԺ (ընդդիմությունն ունի այդքան ձայն. անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը Սրբազանի հետ զրույցում համաձայնել է միանալ նախաձեռնությանը), ապա 54 պատգամավորներ պետք է ներկայանան ԱԺ նիստին, քվորում ապահովեն, ինչը մեծ մասամբ կախված է խորհրդարանական մեծամասնությունից՝ ՔՊ-ից:
Ակնհայտ է, որ այդ հարցը քննարկելիս ՔՊ-ականներին ԱԺ բերելու համար հանրային լուրջ ճնշում է անհրաժեշտ, որպեսզի իշխանականները ստիպված լինեն խորհրդարան գալու և Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու, ապա քվեարկելու:
Ստացվում է, որ իմպիչմենտի հարցը խորհրդարան մտցնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ այն ընդունելու համար՝ 54:
Իսկ ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել. բանն այն է, որ եթե իմպիչմենտի նախաձեռնությունը այս փուլում տապալվի, ապա միայն վեց ամիս հետո կարող են կրկին այն օրակարգ մտցնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը