«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական երկրի գլուխը համարվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն 5 օր է՝ գտնվում է կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Նրա ընտանիքի անդամը՝ եղբոր կինը, կալանավորվել է կոռուպցիոն բացահայտումների գործով, եւ առ այսօր Ալեն Սիմոնյանը, որ օրերս հանդիպել էր ուսուցիչների հետ ԱԺ-ում, որեւէ բացատրություն, պարզաբանում չի տվել ՀՀ քաղաքացիներին, ներողություն չի խնդրել, որ ժողովրդավարական մեր երկրում իր ընտանիքը կոռուպցիայի մեջ է թաթախվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում պայքար կա 2026թ.-ի ընտրություններին ընդառաջ. Ալեն Սիմոնյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը եւ էլի մի քանիսը սկսել են իրենց պատկերացնել Նիկոլ Փաշինյանին փոխարինողի դերում՝ առաջինը՝ ռուսական, երկրորդը՝ արեւմտյան աջակցությամբ: Եւ այնքան լուրջ են վերաբերվել իրենց պատկերացումներին, որ սկսել են իրար վրա իշխանական կուլիսներում ցեխ շպրտել: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանը տեւական ժամանակ է՝ փորձել է Նիկոլ Փաշինյանի մոտ նսեմացնել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի դերը, վերջինս էլ իր հերթին է Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել՝ ուղղություն տալով, որ «Սիներջի» ընկերության մրցութային գործընթացներում Ալեն Սիմոնյանի ընտանիքը մասնակցություն ունի, որի արդյունքում իրավապահները հետքի վրա են դուրս եկել:
Իհարկե, դժվար է պնդումներ անել, թե որքանով են իշխանության կուլիսներից «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերը իրական, բայց փաստ է մի բան, որ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ն 24 ժամով եթերազրկված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հրամանով, քանի որ պետությանը կուտակած պարտքերը չի մարում, եղբոր կինը կալանավորված է, եւ էլի կան դեպքեր, որոնց դեռ կանդրադառնանք»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը