«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացավ, որ կրթության ոլորտում քաոսը կրկին սրվել է: Դեռ չէին մարսել նոր չափորոշիչներով տպագրված դասագրքերի ձախողման փաստը, այժմ հերթը պատմության դասագրքերինն է։
Դեռ դպրոցների ստեղծման սկզբից պատմության նոր տպագրված դասագրքերը կոչվել են «Հայոց պատմություն»։ Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց անանուն մասնագետների կարծիքը, թե ճիշտը «Հայաստանի պատմություն»-ն է, ոչ թե «Հայոց», դրանից հետո ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին հարցրել է. «Իսկ ինչո՞ւ Հայոց պատմությունը չենք անվանել Հայաստանի պատմություն»։ Այս մասին բարձրաձայնվել է նաեւ Կառավարության նիստերի ժամանակ, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ոչ մի բացասական մեկնաբանություն չի տվել։ Նախարարը գլխիկոր լսել եւ չի հակաճառել Փաշինյանին։ Օրեր անց Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հայտնվեց նոր նախագիծ, որով «Հայոց պամություն» դասագիրքը նախատեսվում է փոխարինել «Հայաստանի պատմություն» տերմինով։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանը չի փորձել հետ կանգնեցնել Փաշինյանին այդ մտքից՝ բացատրելով, որ գոնե փոփոխությունները պետք է սկսել նոր ուստարուց: Նախարարի այս լռելյայն համաձայնությունը ԿԳՄՍՆ մասնագետների մոտ տարակուսանք է առաջացրել: Տեղեկացանք, որ շատ դպրոցներում բունտ է հասունանալու Հայոց պատմության դասագրքերի պղծման մասով»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը