«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախյան պատերազմից հետո անցած ժամանակահատվածում տեսնում ենք, որ հակառակորդը, ինչպես քաղաքագետներն են ասում, «սալ յամի կտրելու տակտիկայով» է աշխատում, ինչի արդյունքում քիչ-քիչ, կտոր առ կտոր կտրում, տանում է։ Երբ կնքվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանն ահռելի տարածքներ բռնազավթեց Արցախից, բայց համաձայնեց Արցախի գոյությանը խաղաղապահների վերահսկողության ներքո։ Ընդ որում, Լաչինի միջանցքը պետք է անխափան գործեր։ Ու թվում էր, թե գոնե մի որոշ ժամանակ կարելի է ակնկալել լարվածության թուլացում, բայց ժամանակի ընթացքում Ադրբեջանն սկսեց փուլ առ փուլ նոր տարածքներ բռնազավթել թե՛ Արցախից և թե՛ Հայաստանից։ Ու սա այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը նախատեսում էր, որ կողմերի զինված ուժերը պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ տվյալ պահին կանգնած են։
Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս, որ ոչ միայն կանգնելու նպատակ չունի, այլև ագրեսիայից առաջ փորձում է նախ՝ ներսից քայքայել հայկական պետականությունը և բարոյալքել հասարակությանը, որպեսզի ավելի անկաշկանդ գործի։ Հակառակորդը Հայաստանի դիմադրողականությունը թուլացնելու խնդիրներ է դնում ՀՀ ղեկավարության առջև, իսկ ՀՀ իշխանություններն էլ մեծ հոժարությամբ պատրաստակամ են ծառայել այդ գործին։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո հիմա էլ հերթը հասել է նրան, որ Ալիևը բացահայտ հայտարարում է, թե ժամանակն է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։ Ենթադրենք, թե Հայաստանը փոխեց իր Սահմանադրությունն, ի վերջո, խաղաղություն կհաստատվի՞։ Պարզ է, որ ոչ։ Դրան հետևելու են նոր պահանջներ, թե մյուս օրենքները փոխեք, այս փոխեք, այն փոխեք և այլն։ Կարող են պահանջներ դրվել, օրինակ՝ հրաժարվել մեր պատմական արմատներից, ունեցած ժառանգությունից ու ջնջել անցյալի հիշողությունը։ Չնայած այդ ուղղությամբ քայլեր արդեն արվում են գործող իշխանությունների կողմից:
Պարզ է՝ երբ հայկական կողմը լուռ կատարում է Ադրբեջանի պահանջները, դա ուղղակի հնարավորություն է տալիս հակառակորդին անդադար նոր պահանջներ առաջ քաշել։ Արդեն իսկ նկատելի են նոր պահանջների նախանշանները։ Ալիևն աստիճանաբար զարգացնում է այն թեման, որ թույլ չեն տալու Հայաստանի բանակը հզորանա։ Իսկ սա նշանակում է, որ ինչ-որ մի պահի Բաքվից կարող է պարտադրեն, թե Հայաստանին բանակ պետք չէ, պարեկներով բավարարվեք։ Հաջորդ հարվածները կարող են հասցվել մեր եկեղեցուն, քանի որ Ադրբեջանում Հայ առաքելական եկեղեցին դիտարկում են որպես ռևանշիստական կառույց։ Դե, փաստորեն ոչ միայն Ադրբեջանում. Հայաստանի իշխանություններն առանց այդ էլ պակաս հարձակումներ չեն գործում եկեղեցու դեմ:
Իսկ վերջնարդյունքն այն կլինի, որ Հայաստանը ներսից թուլացնելուց ու քայքայելուց հետո հակառակորդը կանցնի հերթական ագրեսիայի իրականացմանը։ Զարմանալին այն է, որ ՀՀ իշխանություններն ամբողջովին լծվել են հակառակորդի պահանջներն իրագործելու գործին ու փորձում են ցույց տալ, թե այդ կերպ պետություն են կառուցում։ Այնինչ, իրենք դրանով դնում են պետության քանդման հիմքերը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը