Ինչու իշխանությունները Դավիթ Բաբայանի հարցով չեն զբաղվում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագրի մասին չնայած կցկտուր տեղեկատվությանը, ՀՀ իշխանությունները մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ զբաղվում են բոլորի ճակատագրով, պարբերաբար դիմում են ՄԻԵԴ, նրանց մասին տեղեկատվություն ստանում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի բանտերում են գտնվում Արցախի նախկին երեք նախագահները` Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Իշխանական շրջանակներից մեզ խոստովանեցին, որ չեն զբաղվում միայն Դավիթ Բաբայանի հարցով, քանի որ նա «ինքնակամ է հանձնվել Ադրբեջանին»։
Մինչդեռ Դավիթ Բաբայանը թեեւ ինքնակամ է հանձնվել, բայց, ըստ նրա մերձավորների, դա արել է պարտադրված, քանի որ Ադրբեջանը հստակ պահանջ է փոխանցել Բաբայանին՝ կա՛մ ինքնակամ գալիս ես Շուշի, կա՛մ ընտանիքդ դուրս չի գալու Արցախից։ Իսկ Դավիթ Բաբայանի նկատմամբ նման սեւեռվածության պատճառն այն է, որ նա Մեհրիբան Ալիեւայի հասցեին ինչ-որ հայհոյախառն արտահայտություններ է արել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը