21 11 2023

Իշխանություններն ինտենսիվ պատրաստվում են տոներին․ Լույս ու փայլով... «Փաստ»

Իշխանություններն ինտենսիվ պատրաստվում են տոներին․ Լույս ու փայլով... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանություններն ինտենսիվ պատրաստվում են տոներին: Լույս ու փայլով... Իսկ ի՞նչ է, ինչ-որ բա՞ն է եղել: Ի՞նչ է եղել, որ... Բայց խնդիրը միայն իշխանությունը չէ. դե, նրանք ինչի համար եկել էին իշխանության, մեծ «հաջողությամբ» կյանքի են կոչում: Խնդիրը համընդհանուր տրամադրություններն են: Չէ, լուրջ, դուք ինչ-որ տեղ կամ ինչ-որ բանից նկատո՞ւմ եք, որ ծանրագույն կորուստներ կրած երկրում եք ու հայրենիքի մի հսկայական ու առանցքային հատվածը թշնամուն տրված ժողովրդի մեջ:

Ինչի՞ց է դա նկատվում: Ինչ-որ բան է եղե՞լ... Մարդիկ ինչերից են խոսում, ինչ «դարդուցավ» ունեն, ինչ են զրուցում, ինչի մասին են մտածում կամ ինչից են մտահոգված: Տարբերություն, ի դեպ, չկա. լինի թշնամու նշանառության տակ դրված, վերստին սահմանամերձ դարձած բնակավայրո՞ւմ, որ ամեն օր Փաշինյանի «խաղաղության օրակարգը» իրենց մաշկի վրա են զգում, թե՞, ասենք, Երևանի ոստիկանապատված կենտրոնում:

Նախօրեին մի օգտատեր ֆեյսբուքում թվարկել էր, ինչպես նախկինում կասեին, «ստեղծագործական մտավորականության» մի ամբողջ շարք ներկայացուցիչների անուն-ազգանուններ: Ճանաչելի, եթե ոչ հանրաճանաչ դեմքերի անուններ էին: Ու միանգամայն արդարացի հանդիմանել էր, թե ինչո՞ւ, օրինակ՝ այդ անձինք, որոնք նախկինում շատ ավելի փոքրամասշտաբ խնդիրներով հանրային ակտիվություն էին դրսևորում, հիմա լուռ են:

Ճիշտ է ասում: Բայց հարցի մյուս կողմն էլ կա. կներեք, իսկ ո՞վ է աղմկում, որ «հայ հայտնիներն» էլ պապանձվել են: Ո՞վ է ծպտուն հանում: Եթե վաղը ոչ մի թերթ չտպվի, ոչ մի լրատվական կայք չգործի, ֆեյսբուքն էլ անջատեն, ապա իշխանության համար իդեալական միջավայր կձևավորվի, քանզի արդեն ընդհանրապես ոչ մի ձայն չի լսվի: Ի՞նչ է եղել, որ... Աստծո սիրույն, միայն թե չասեք, թե «ժողովուրդը շոկի մեջ է», «մարդիկ ցնցումը չեն հաղթահարել»: Լավ, էլի: Իբր այդ ե՞րբ էին ցնցվել, որ մի հատ էլ ցնցումը չեն հաղթահարել: Այդ որտե՞ղ, այդ ինչի՞ց երևաց այդ «ցնցվելը»:

Այ, միակ ու իրական «ցնցումը» լինելու է մի քանի օրից, երբ սկսվի «Նոր տարվա առևտուրը»՝ ինքնամոռաց և համընդգրկուն: Չէ, մենք անընդհատ սգի մեջ լինելու կոչ չենք անում, կյանքը կանգնեցնելու կոչ չենք անում, բայց հնարավո՞ր է այսքան «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» լինել: Հնարավո՞ր է այսպես արագ մոռանալ այն ամենն, ինչ պատուհասել է մեզ, չգիտակցել այն ամենն, ինչ կարող է սպառնալ մեզ: Ու ապրել՝ կարծես ոչինչ էլ չի եղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ