«Փաստ» օրաթերթը գրում է. Այնպիսի տպավորություն կար, որ գոնե այս տարվա սկզբում, նույնիսկ մինչ վերջերս Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները ակտիվ բնույթ էին կրում։ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ պարբերաբար հայտնում էր, թե հայկական կողմն առաջարկներ է ստացել Ադրբեջանից ու փոխանցել է իր առաջարկները։ Առաջարկների փոխանակման երևույթը նույնիսկ ստացավ «առցանց դիվանագիտություն» անվանումը, բայց իր խորքում այն դժվար է նույնիսկ դիվանագիտություն անվանելը, քանի որ մի անգամ նույնիսկ Փաշինյանը խոստովանեց, որ հայկական կողմն ուղարկում է իր առաջարկները, սակայն Ադրբեջանը այդ առաջարկների մեծ մասը ջնջած հետ է ուղարկում և օգտագործում է սպառնալիքների լեզուն։
Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական «սկզբունք» է առաջարկել։ Ուստի ձգտում է, որ հաշտության պայմանագիրը կնքվի հենց այդ սկզբունքներից բխող ու միայն Ադրբեջանի շահերն արտահայտող դրույթների հիման վրա։ Այլ կերպ ասած՝ Բաքվի ցանկությունն է, որ Երևանը ստորագրի իր ներկայացրած վերջնագրի տակ, որը կլինի հերթական կապիտուլ յացիոն փաստաթուղթը։ Իսկ հայկական կողմի առաջարկած 6 սկզբունքներն ընդհանրապես օրակարգից դուրս են եկել, քանի որ դրանց մեջ քիչ թե շատ հայկական շահերն արտահայտող դրույթը, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակին և արցախահայերի անվտանգությանն ու իրավունքներին, նույնիսկ իր իմաստն է կորցրել։
Արցախը հայաթափվել է, իսկ ՀՀ իշխանությունները ոչ միայն համակերպվել են դրա հետ, այլև նպաստել են դրան, իսկ հիմա իշխանամերձ շրջանակների կողմից այնպիսի հայտարարություններ են հնչում, թե Ադրբեջանի հետ արցախահայության վերադարձի հարց չի քննարկվում։ Բայց «առցանց բանակցությունների» արդյունքում ձեռք բերված համաձայնություններն էլ, որոնք արտացոլում էին ադրբեջանական պահանջների կատարումը, որոշակի պայմանավորվածությունների տեսք էին ստանում արդեն միջնորդների կազմակերպած հանդիպումներում։ Ընդ որում, Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները հիմնականում տեղի էին ունենում ԵՄ-ի միջնորդությամբ, թեպետ Մոսկվան ևս որոշ դեպքերում նման հանդիպումներ կազմակերպել է։
Բայց, չնայած վերջին շրջանում տարբեր միջնորդական ջանքերին, այդպես էլ չի հաջողվում ՓաշինյանԱլիև հանդիպում կազմակերպել։ Ալիևը նախ չմեկնեց Գրանադայի հանդիպմանը, իսկ որոշ ժամանակ անց հրաժարվեց նաև Բրյուսելում նախատեսվող հանդիպումից։ Կարծես թե Ադրբեջանի նախագահը խուսափում է ԵՄ-ի միջնորդությամբ որոշակի արձանագրումներից։ Փաշինյանն իր հերթին չմեկնեց Բիշքեք՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որի շրջանակում կարող էր հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահի հետ։ Պարզ է, որ այդ հանդիպումն էլ կարող էր տեղի ունենալ Մոսկվայի միջնորդությամբ, ինչից էլ խուսափում է Փաշինյանը։ Մյուս կողմից՝ պետք է նկատի ունենալ, որ նույնիսկ երկկողմ «առցանց բանակցություններում» ևս տեղաշարժ չկա։ Օրերս պարզվեց, որ Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ Բաքվից ստացված առաջարկներին:
Ուստի, հաշվի առնելով արձագանքի բացակայությունը, կարելի է կանխագուշակումներ անել, թե ինչ վտանգավոր պահանջներ են դրվել Ադրբեջանի կողմից։ Ու այս պարագայում ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարում է, թե չի կարծում, որ բանակցությունները Բաքվի հետ մտել են փակուղի։ Իսկ փակուղին այսքանից հետո էլ ինչպե՞ս է լինում, երբ չկա որևէ բանակցային պրոցես։ Մի՞թե փակուղին միայն այն է, երբ իրավիճակը հասնում է էսկալացիայի կամ ռազմական գործողությունների։ Փաստը մնում է փաստ, որ բանակցային պրոցեսում առաջընթաց չկա, որքան էլ Հայաստանից հերթական անգամ հավաստիացում հնչի, այս դեպքում՝ ՀՀ ԱԽ քարտուղարի կողմից, թե «Հայաստանը պատրաստ է գալ Բրյուսել, հասնել վերջնակետի ու կնքել խաղաղության պայմանագիրը»:
Մյուս կողմից էլ՝ մեր հանրության համար տարօրինակ հայտարարություններ են հնչում Թուրքիայի նախագահի կողմից։ Էրդողանը նշում է, թե Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։ Ի՞նչ պարտավորության մասին է խոսքը, որտե՞ղ են ՀՀ իշխանությունները դրա մասին պայմանավորվել, ինչո՞ւ է այդպիսի բառապաշար օգտագործվում, մնում է հարցական։ Պարզ է, որ Էրդողանը խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, բայց դրա մասին որևէ փաստաթուղթ չկա։ Սակայն որոշ մեկնաբանություններ են արվում, թե ՀՀ իշխանությունները հանրությունից գաղտնի որոշ հարցերի շուրջ համաձայնություն են տվել, այլապես ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ից չեն պատասխանում Էրդողանի հայտարարություններին այնպես, ինչպես պետք է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը