«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանը լրջագույն սպառնալիքների տակ է գտնվում, եւ այսօր տարբեր կենտրոններից պարբերաբար գուժում են ադրբեջանական հնարավոր հարձակումների մասին, սակայն Նիկոլ Փաշինյանը զբաղված է նեղկուսակցական ինտրիգներով, քաղաքական եւ իրավական գործընթացներով փորձում է չեզոքացնել, թուլացնել, վարկաբեկել իր որոշ կուսակիցներին, որոնք թիմում քիչ թե շատ հեղինակություն ունեն եւ կարող են երբեւէ իր մրցակիցը դառնալ, իր աթոռին հավակնել։ Խոսքն այս պարագայում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին է։
Տիրապետելով քաղաքական ընդդիմությանը չեզոքացնելու, իր մեղքերը նախկինների գլխին կոտրելու արվեստի բոլոր նրբերանգներին՝ Փաշինյանը գիտակցում է, որ իրեն սպառնացող իրական վտանգը ՔՊ-ի ներսից է լինելու, քանի որ այնտեղ այլեւս չկա նախկին միասնականությունը, եւ նման բռնապետական երկրներում, որպես կանոն, պալատական հեղաշրջումներով է իշխանափոխություն լինում։ Այս առումով Փաշինյանն անողոք է քաղաքական ամբիցիաներ ունեցող թիմակիցների նկատմամբ, եւ վերջիններս բոլոր առիթներով նրան ապացուցում են, որ իշխանության չեն ձգտում։ Այդ «վտանգներից» մեկը Տիգրան Ավինյանն է, ով թեպետ դարձավ Երեւանի քաղաքապետ, բայց Փաշինյանը նրան բոլոր լծակներից զրկելու որոշում է կայացրել՝ նախ քաղաքապետարան գործուղելով պոտենցիալ փոխարինողի՝ Արմեն Փամբուխչյանին։ Եվ սկսեց Ավինյանի թիմակիցներին չեզոքացնելու գործը։
Եվ այդ նպատակով գործի է դրել իր սիրելի գործիքը՝ իրավապահներին։ Նախօրեին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի եւս 3 աշխատակցի։ Բարխուդարյանին թաղապետ էր նշանակել Ավինյանը՝ մեկ տարի առաջ, երբ զբաղեցրեց փոխքաղաքապետի պաշտոնը եւ սկսեց պատրաստվել ընտրություններին։ Չնայած պաշտոնապես չեն հաղորդել, թե ինչ գործի շրջանակներում են նախկին թաղապետն ու իր ենթակաները բերման ենթարկվել, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ խոշոր չափի վատնումների համար։ Հնարավոր է ներգրավվի նաեւ Բարխուդարյանի նախորդը՝ Սաշա Կատվալյանը։ Մեղադրում են իրենց մտերիմներին էժան գներով հողատարածքներ վաճառելու եւ տենդերներ շնորհելու մեջ։ Եվ չնայած նույն օրը Բարխուդարյանին եւ մյուսներին չբացակայելու ստորագրությամբ ազատ են արձակել, սակայն մեր աղբյուրները կարծում են, որ ցանկացած պահի, ըստ քաղաքական նպատակահարմարության, հնարավոր է ձերբակալեն։
Մեր աղբյուրները կասկած չունեն, որ առաջիկայում նմանատիպ օպերացիաների պակաս չի զգացվելու, խնդիր է դրված Ավինյանից ու իր թիմից նախկին թալանչիներին համարժեք կերպար կերտել։
Այս ամենին զուգահեռ, քաղաքապետարանում էլ են ինտրիգներ հրահրվում, որոնց նպատակն Ավինյանին «կոտրելն» է, նրան փչացնելը։ Դիցուք՝ քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ԺՊ Խորեն Գրիգորյանի «ազատման» բեմադրությունը։ Նախօրեին քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցել էին, որ Գրիգորյանը եւ նրա երկու տեղակալներն ու բաժնի երեք մասնագետներն ազատման դիմումներ են գրել, պատճառն այն է եղել, որ Գրիգորյանի ղեկավարած ոլորտը դրվել է փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի կուրացիայի տակ, այնինչ հիշյալ երկու պաշտոնյաները միմյանց հետ լարված հարաբերություններ ունեն: Գրիգորյանը, ով նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմներից է, դիմում էր գրել, սակայն երեկ առավոտյան հայտարարեց, որ շարունակելու է պաշտոնավարել։ Նա չէր հերքել դիմում գրելու փաստը։ «Իհարկե, կգա մի պահ, որ աշխատանքից դուրս կգամ կամ այլ աշխատանքի կանցնեմ: Բայց այսօր այդ պահը չէ»,- գրել է նա։
Իսկ ի՞նչ է փոխվել մի գիշերվա ընթացքում։ Մեր աղբյուրն ասում է՝ ըստ ամենայնի, «վերեւներից» են միջամտել՝ Սուրեն Պապիկյանի եւ Փաշինյանի մակարդակով, Խորեն Գրիգորյանը շարքային կուսակցական չէ, ակտիվիստ է եւ տարբեր հարթակներում հանդես է գալիս կուսակցության պաշտպանությամբ, ուստի Ավինյանին հորդորել են չնեղացնել Գրիգորյանին, չդնել մի մարդու կուրացիայի ներքո, ում հետ նա հարաբերվելու խնդիր ունի, եւ Ավինյանը նահանջել է։ Մեզ ասացին, որ Խորեն Գրիգորյանի լիազորությունները՝ ազատման դիմումից հետո ավելացրել են, ինչի արդյունքում հետ է վերցրել դիմումը։ Այդ մասին էլ էր նա գրառման մեջ խոստովանել․ «Տեղեկացնեմ նաեւ, որ այսուհետ որակի տեխհսկողության պայմանագրերի կառավարումը եւս փոխանցվում է Շինարարության եւ բարեկարգման վարչությանը»։
Նշենք, որ տեխհսկողության պայմանագրերի կառավարումը ոչ թե բաժին է, այլ՝ գործառույթ, եւ որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ կարգի գործառույթ է շնորհվել երդվյալ ՔՊ-ականին, նշենք, որ ցանկացածը, ով շինարարություն է իրականացնում, պարտադիր պետք է պատվիրի նաեւ տեխհսկողություն։ Նախկինում տեխհսկողությունն իրականացնում էր քաղաքապետարանի ֆինանսների վարչությունը, որի գործառույթները համակարգում էր փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը, այսինքն՝ Շինարարության եւ բարեկարգման վարչությունը պատվիրատուն էր, իսկ հսկողություն իրականացնողն այլ մարմին էր։ Հիմա եթե Խորեն Գրիգորյանը համաձայներ Լեւոն Հովհաննիսյանի կուրացիայի ներքո գործել, կստացվեր, որ, մի կողմից, ենթարկվելու էր վերջինին, մյուս կողմից, հսկիչ գործառույթների մասով՝ աշխատակազմի քարտուղարին։ Մենք գրել ենք, որ Լեւոն Հովհաննիսյանի կուրացիայից հանվել է ֆինանսների հսկողությունը եւ դրվել է աշխատակազմի քարտուղարի կուրացիայի տակ։ Իսկ հիմա Գրիգորյանը ո՛չ մեկին է ենթարկվելու, ո՛չ մյուսին, ու կստացվի, որ նա տնօրինում է կարեւորագույն ոլորտ՝ ե՛ւ շինարարության պատվերն է իջեցնելու, ե՛ւ հսկելու է։ Գրեթե քաղաքապետի գործառույթներից ավելի ընդարձակ գործառույթ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը