«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ խորհրդարանում հայտնել է, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը, որի աշխատանքները խոչընդոտվում են ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով, կտեղափոխվի «մոտակա» վայր: Հարցին, թե գործարանն ուր է տեղափոխվելու, նա կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։
Մենք դեռեւս ամիսներ առաջ՝ հուլիս-օգոստոսին ենք գրել, որ տեղափոխությունն արդեն իրականացվել է, եւ հայ-ամերիկյան ընկերությունը Զոդում՝ Երասխից եւ հայ-ադրբեջանական սահմանից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող բանավանում է կառուցում նույն գործարանը, որը, ավելի ճիշտ՝ մի արտադրամաս է եւ ոչ թե մեծ գործարան։
Փաստորեն, ՀՀ իշխանություններն այստեղ էլ ենթարկվեցին ադրբեջանական քմահաճույքներին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը 24/7 ռեժիմով հայտարարում է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական է համարում, նախօրեին էլ ԱԺ-ում ուրախությամբ ավետեց, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանը խաղաղություն է մուրում, եւ անգամ ՀՀ 29,800 ք/կմ տարածքում մենք չենք կարողանում մի փոքրիկ արտադրություն գործարկել։ Նույնիսկ վախենում ենք պատկերացնել, թե «բոլոր սկզբունքների շուրջ համաձայնություն» ասելով Փաշինյանն ինչ նկատի ունի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը