26 10 2023

Դավիթ Խաչատուրյանի երազանքն էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվելը․ «Հրապարակ»

Դավիթ Խաչատուրյանի երազանքն էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվելը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանին երեկ ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրեցին, իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Այս նշանակումների մասին «Հրապարակը» գրել էր դեռեւս հունիսի 11-ին։

Մասնավորապես գրել էինք, որ ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը, հավակնում է այդ պաշտոնին, ավելին՝ ԲԴԽ-ում գրեթե բոլորը գիտեին, որ սա Դավիթ Խաչատուրյանի երազանքն է։ Նրա համար վճռաբեկում տեղ ազատեցին` Ելիզավետա Դանիելյանին ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան, քանի որ եղբայրներից մեկը չէր կարող աշխատել Հակակոռուպցիոն կոմիտեում, մյուսը` Հակակոռուպցիոն դատարանում․ դա արդեն չափից դուրս ակնառու շահերի բախում կլիներ։

ՔՊ մեր աղբյուրները պատմեցին, որ Խաչատուրյանի թեկնածությունը լուրջ դժգոհություն է առաջացրել խմբակցությունում, քանի որ ընդամենը 2 տարի առաջ էին նրան ընտրել ԲԴԽ անդամ, եւ պատգամավորներից ոմանք սա անհարգալից վերաբերմունք են համարել իրենց նկատմամբ` ընտրում են մեկին, որոշ ժամանակ հետո մարդը հրաժարվում է բարձր պաշտոնից եւ նորին ձգտում:

Սակայն ՔՊ-ն, այդուհանդերձ, միաձայն կողմ քվեարկեց` 71 հոգանոց խմբակցությունից ստանալով 67 ձայն։ Անգամ ԱԺ քննարկման ժամանակ ոմանք չթաքցրին վրդովմունքը․ Սոնա Ղազարյանը եւ էլի մի քանիսը հարցրին թեկնածուին՝ արդյոք վիրավորական չէ՞ ԱԺ-ի համար. մենք ձեզ 5 տարով ընտրել ենք ԲԴԽ անդամ, 3 տարի հետո հավակնում եք վճռաբեկի դատավորի պաշտոնին։

Հունիսին գրել էինք նաեւ, որ վճռաբեկի քաղաքացիական պալատի դատավորի տեղի համար պայքարում են ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանն ու Նաիրա Հովսեփյանը, հաղթեց Հովսեփյանը։ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի տեղը, հավանաբար, կզբաղեցնի Արտակ Զեյնալյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ