06 10 2023

Փաշինյանը պահանջել է հստակ պարզել, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում ում հովանավորությունն է վայելում. «Ժողովուրդ»

Փաշինյանը պահանջել է հստակ պարզել, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում ում հովանավորությունն է վայելում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանությունը նախօրեին անակնկալի է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ներկայացրած քաղաքական հայտից: Նրանք Արշակ Կարապետյանի թեման համարում էին փակված եւ արդեն չէին էլ հիշում, որ հերթական նախարարներից մեկին անակնկալ պաշտոնանկ անելուց հետո, հնարավոր է, ինչ-որ իրադարձություններ գծագրվեն:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հրատապ զրույց է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ նրանից պահանջելով հստակ պարզել, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում ում հովանավորությունն է վայելում, ինչ ծրագիր է գծագրված Կարապետյանի մասով, ու ինչ է հնարավոր սպասել:

Բանն այն է՝ Արշակ Կարապետյանը հստակ մեղադրանքներ հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ ինքը չի ենթարկվել Փաշինյանի «չկրակել» հրամանին եւ թշնամու հարձակումների ժամանակ կոշտ պատասխան կրակի հրահանգ է տվել, որից հետո անակնկալ իրեն պաշտոնանկ է արել Փաշինյանը:

Իհարկե, չի բացառվում, որ ամեն ինչ այդպես էլ եղել է, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները երեկ՝ ԱԺ բրիֆինգների ժամանակ, չկարողացան հստակ հերքել Կարապետյանի փաստարկները: Փաշինյանն էլ դեռ չի հերքել: Տարակուսելի է, սակայն, որ նախկին իշխանությունների օրոք ՊՆ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Կարապետյանը մինչ այս ոչինչ չէր խոսում:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ նա այն մարդն է եղել, որը Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության համար ուղիներ է բացել դեպի ՌԴ ռազմաքաղաքական էլիտա՝ ռուսներին համոզելով, որ Փաշինյանն ու թիմակիցները «սորոսական չեն», ինչպես կասկածում էին ռուսները, եւ արժե աշխատել երիտասարդ հեղափոխականների հետ: Հիմա հենց ինքն է դուրս եկել Փաշինյանի իշխանության դեմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ