«Փաստ» օրաթերթը գրում է.
Վաղուց արդեն նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության գործողությունները չեն համընկնում նրանց հայտարարություններին ու խոսքերին։ Այդպես եղել է հինգ տարի շարունակ: Բայց հետաքրքիրն այն է, որ նրանք սկսել են այնպիսի հայտարարություններ անել, որոնք արմատապես հակասում են 2018 թվականի ընթացքում իրենց կողմից արված հայտարարություններին։ Չնայած՝ դա էլ է օրինաչափ. երբ անընդհատ ստում ես, ի վերջո, գալու է նաև ստերի՝ միմյանց հակասելու փուլը: Օրինակ՝ մի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չէր թողնում ժողովրդին «սեր խոստովանելու» համար։ Նույնիսկ խոնարհվում էր նրանց առջև, ասում էր՝ ձեր իշխանությունն է, ինչ կուզեք՝ կանեք: Նա մասնավորապես հայտարարում էր, թե «մենք երբեք-երբեք ձեզ մենակ չենք թողնի, մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ»։
Դրա համար էլ բոլորին մեղադրում է՝ նախկիններին, արտաքին խաղացողներին, բայց ոչ մի դեպքում իրեն։ Ու ըստ այդմ, իշխանական քարոզչամեքենան այն թեզն է շրջանառում, որ եթե իշխանափոխություն լինի, ոչինչ չի փոխվելու։ Սա կատարյալ անհեթեթ կեղծիք է, բացարձակ, որևէ քննադատության չդիմացող մանիպուլ յացիա: Ի վերջո, բավական է միայն արձանագրել, որ Փաշինյանի իշխանությունը բացառապես թշնամու օրակարգով է առաջ շարժվում, ինչի համար էլ Փաշինյանը գովեստների է արժանանում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Եվ եթե որևէ մեկը մտածում է, թե Արցախի հայաթափմամբ ամեն ինչ ավարտվելու է, ապա չարաչար սխալվում է։ Ադրբեջանը Իսրայելից, Թուրքիայից ու Պակիստանից ահռելի սպառազինություն է ներկրել։ Արցախի հարցերը լուծելու համար նման սպառազինության կարիքը չկար, քանի որ ամիսներ շարունակ շրջափակման պայմաններում արցախահայությունն արդեն հյուծվել էր և ի վիճակի չէր երկար դիմադրելու։ Պարզ է, որ այդ զենքը կրակելու է Հայաստանի ուղղությամբ։
Պատահական չէ, որ Ադրբեջանը գեներացնում է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» թեման, իսկ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներն էլ գնալով ավելի ակտիվորեն են խոսում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այսինքն, Փաշինյանի իշխանավարման շարունակության պարագայում հաջորդ պատերազմը կարող է լինել Հայաստանի տարածքում։ Ու այն պնդումները, թե Ալիևը ասել է, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, և դրանով Հայաստանն ապահովագրվում է հետագա ագրեսիայից, հիմքեր չունեն, քանի որ պետք է նկատի ունենանք, որ Ադրբեջանի նախագահը չի խոսել կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, ինչպես արել է Նիկոլ Փաշինյանը՝ վերջնականապես կործանելով Արցախը։ Ի վերջո, եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նպատակ չունի, ապա ինչո՞ւ է Բաքուն Արցախից բռնազավթված տարածքի մի մասը հռչակել որպես «Արևել յան Զանգեզուր» ու շրջանառում «Արևմտյան Զանգեզուրի» հետ միավորելու թեման։
Շատ է խոսվում այն մասին, թե Իրանը կպաշտպանի Հայաստանին ու չի թողնի, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կտրի Իրան-Հայաստան սահմանը։ Բայց նման իրավիճակներում չպետք է հույսներս դնենք արտաքին ուժերի վրա: Եվ հետո՝ նախ սեփական երկրի իշխանությունները պետք է պաշտպանեն Հայաստանի շահերը, որպեսզի նույն ակնկալիքն ունենանք արտաքին խաղացողներից: Նաև սրա համար է պետք փոխել իշխանությունը: Փաշինյանի իշխանության պարագայում որևէ հաջողության հասնելն արդեն անհնար է։ Թշնամին ամեն անգամ ստորացնում է ՀՀ իշխանություններին, որոնց ուժը բավարարում է միայն Հայաստանի ներսում մարդկանց ոստիկանների միջոցով ծեծելու ու քաղաքացիների վրա կրակելու պատրաստակամության հարցում։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը