«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով զոհվածների հարազատները սպասում են, որ հրավիրվեն նախաքննական մարմին: Բանն այն է, որ զոհված քաղաքացիների հարազատներն անձամբ են գնացել ու ուսումնասիրել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրի կոնկրետ հատվածն ու արձանագրել, որ, «Զիլ»-ի վարորդից բացի, պետք է պատասխանատվության ենթարկվի «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, որ հանդիսանում է Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող եւ սպասարկող կապալառու կազմակերպությունը:
Ըստ ծնողների՝ այդ ճանապարհը «մսաղաց» է, ու պետք է բոլոր պատասխանատուները անպատիժ չմնան: Նկատենք, որ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն հայտնել էր, թե -1 միջպետական ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշանները: Սակայն ծնողները պնդելու են, որ, այսպես կոչված, ճանշինները եւ պետական պաշտոնյաները, որոնք պարտավոր են հսկել ճանապարհաշինարարներին, պիտի պատժվեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» եւ «Ֆոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, ինչի հետեւանքով 12 ուղեւոր մահացան, իսկ «Զիլ»-ի վարորդը կալանավորվեց»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը