«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի տարեկան հայատարարագիրը «դասական ոստիկանի» հայտարարագիր է. նա ոչինչ չունի իր անունով: Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը մշտապես աշխատել է ոստիկանության համակարգում՝ որպես տեսուչ: 2013-2018 թվականներից եղել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ապա՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։
Այսինքն՝ աշխատել է նախկինների օրոք ամենակոռումպացված համակարգում որպես ճանապարհային տեսուչ, սակայն կարողացել է սյունեցու ճկունությամբ քաղաքականություն մտնել 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ որպես սպիտակ ձեռնոցներվ հեղափոխական: Նա, սակայն, ինչպես նախկինների օրոք, հասցրել է կնոջը, երեխաներին պետական օղակներւմ աշխատանքի տեղավորել «նոր Հայաստանում»:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պատգամավոր Խաչատրյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ 50-ամյա պաշտոնյան ո՛չ գույք ունի, ո՛չ էլ տրանսպորտային միջոց: Նա հայտարարագրել է մի բնակարան Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որը, ըստ նշվածի, պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից:
Խաչատրյանը հայտարարագրել է 1986 թվականի արտադրության Vaz 2106 մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2007 թվականին: Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 950 դրամ, իսկ նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 425 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմից։ Արմեն Խաչատրյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարում կազմել է 140 հազար դրամ և 41 հազար դոլար։ Նա վարկերի մարման համար ծախսել է 5 մլն 598 հազար դրամ։
Խաչատրյանի կնոջ՝ Մարիամ Մինասյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 319 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 3 մլն 510 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Երևանի պետական հումանիտար քոլեջից. ի դեպ, նա հենց այդ քոլեջի տնօրենն է։
Խաչատրյանի որդին՝ Էդուարդ Խաչատրյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հողամաս, որը գտնվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում. այն ձեռք է բերվել 2021 թվականին, սակայն 2022 թվականին այն օտարվել է 5 մլն դրամով Շանթ Պետրոսյանի կողմից։
Տարեսկզբին որդին ունեցել է 2 մեքենա՝ Toyota մակնիշի, 2015 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2019 թվականին, և Nissan մակնիշի՝ 2011 թվականի արտադրության, 2021 թվականին ձեռք բերված։ Տարվա ընթացքում ձեռք է բերել ևս մեկ մեքենա՝ Volkswagen, 2002 թվականի արտադրության, որը նույն տարում օտարվել է 500 հազար դրամով։ Նույն տարում օտարվել է նաև Nissan մակնիշի մեքենան 3 մլն 500 հազար դրամով։ Տպավորություն է, թե մեքենաների առքուվաճառքի բիզնեսով է զբաղված եղել:
Պատգամավորի որդու բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 707 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն: Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 17 մլն 420 հազար դրամ, որից 4 մլն 420 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնից։ Այսինքն՝ պատգամավորի որդին աշխատում է ԱԺ-ում:
Նրա մյուս եկամուտները հաշվետու տարում օտարված գույքից ստացված եկամուտներն են։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարում կազմել է 3 մլն 989 հազար դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 14 մլն 260 հազար դրամ։ Պատգամավորի դուստրը՝ Սյուզան Խաչատրյանը, հայտարարագրել է միայն 500 հազար դրամ կանխիկ գումար։ Որտեղից, ինչ ծագում ունի այն՝ նշված չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը