22 08 2023

էլ ինչո՞ւ էին վնասում, որ մի հատ էլ թույլ տային մոտենալ. «Փաստ»

էլ ինչո՞ւ էին վնասում, որ մի հատ էլ թույլ տային մոտենալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Թշնամու կողմից Արցախի պաշարման օղակն ավելի է սեղմվում: Ադրբեջանական կողմը որոշակի գործողությունների է դիմում՝ Արցախը նաև տեղեկատվական պաշարման ենթարկելու նպատակով: Մասնավորապես, դեռ անցած շաբաթ տեղեկություն տարածվեց, որ այդ օրվա երեկոյան Բերձորի միջանցքում Ադրբեջանի տեղակայած ապօրինի հսկիչ-անցագրային կետի մոտ ադրբեջանական կողմը խափանել (կտրել) է ինտերնետ կապի օպտիկամանրաթելային մալուխը: Բացի այդ, ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ Արցախի կապի մասնագետները ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ մոտենան և նորոգեն վնասված մալուխը: Դե, դա ինքնըստինքյան հասկանալի է. էլ ինչո՞ւ էին վնասում, որ մի հատ էլ թույլ տային մոտենալ:

Չնայած դրան, Արցախում ինտերնետ կապ որոշակի չափով դեռ կա, ինչի մասին վկայում են արցախցի օգտատերերի սոցցանցային գրառումները: Բայց այն, որ թշնամին դիմում է ու շարունակելու է դիմել որոշակի խափանարար գործողությունների՝ արտաքին աշխարհի հետ կանոնավոր հեռահաղորդակցային կապը կտրելու կամ հնարավորինս խաթարելու համար, կարծում ենք, ինքնին ենթադրվող է: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր մտադրություններն ու քայլերը, կապի խափանումը այդ ոճրագործության բաղկացուցիչ տարրերից մեկն է: Ի դեպ, հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում և Արցախի տարածքում «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդումների վերահեռարձակումը դադարեցնելու մասին դեռևս հուլիսին որոշում է կայացրել ռուսական «Ռոսիա սեգոդնյա» («Ռուսաստանն այսօր») միջազգային լրատվական գործակալությունը:

Հասկանալի է, որ դա էլ իր հերթին Արցախը տեղեկատվական բլոկադայի ենթարկելուն ուղղված քայլ է: Հնարավոր է՝ նման որոշում կայացվել է ադրբեջանական կողմի ճնշման տակ, բայց դրանից նշված փաստն ավելի «թեթև» չի դառնում: Կարծում ենք, որ Ադրբեջանի կողմից Արցախը նաև տեղեկատվական, հեռահաղորդակցական բլոկադայի ենթարկելուն ուղղված ոճրագործ քայլերի վրա ևս պետք է հատուկ ուշադրություն հրավիրել: Ամեն ինչից բացի, տեղեկատվական բլոկադային ուղղված գործողությունները նաև ռազմական ագրեսիայի դիմելու նախապատրաստական քայլ կարող են ընկալվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ