Անգամ ներկայիս աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական աղետալի կացության մեջ հայտնված վիճակում Հայաստանում կանոնավոր գործում են ոլորտներ և համակարգեր, որոնք ստեղծվել են 2000-ականներին և զարգացել հաջորդող տարիներին։ Առօրյա կենցաղում սովորական դարձած ծառայություններից օգտվելով, մոռանում ենք, որ ոչինչ ինքնաբերաբար չի ստեղծվել, որ ամեն մի ոլորտի կայացվածության հետևում ներդրված են ահռելի ջանքեր և կատարված աշխատանք։ Օրինակ, հիմա առանց բջջային և ինտերնետ կապի կյանքն անհնար է թվում։ Մինչդեռ, հեռավոր թվացող 1998 թ․-ին թե առաջինը, թե երկրորդը անհասանելի ճոխություն էին գրեթե ամբողջ բնակչության համար։
Այդ տարիներին գործում էր միայն մեկ ընկերություն՝ խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած «Արմենտելը», որը ունենալով մենաշնորհ, թելադրում էր իր աստղաբաշխական գները շուկայում։ Ֆիքսված հեռախոսակապի ոլորտը անմխիթար էր, քանի որ բաժանորդների միայն 20 տոկոսի կապն էր 1998 թ․-ին թվային, մնացածինը՝ նախկին անալոգային համակարգն էր։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիների ընթացքում թվային ֆքիսված հեռախոսակապը հասանելի դարձավ բնակչության 80 տոկոսին։ Հիմա է այն հնացած կապի տեսակ, բայց այդ ժամանակ, սահամանափակ բջջային կապի առկայությամբ, որակյալ ֆիքսված կապը կենսական անհրաժեշտություն էր մարդկանց համար։
1998 թ․-ին բջջային կապից օգտվում էր ․․․ 8 հազար մարդ։ Այն թանկարժեք էր, իսկ բջջային հեռախոս ունենալն ու դրանից օգտվելը՝ բարեկեցության խորհրդանիշ։ Այդ տարիների իշխանության ջանքերով, 2004 թ․-ին «Արմենտելն», ի վերջո, հրաժարվեց մենաշնորհից, և 2005 թ․-ին Հայաստան մուտք գործեց երկրորդ օպերատորը՝ «Ղ-Տելեկոմը»՝ «Վիվասելը» ապրանքանշանով։ Դրան հաջորդեցին բջջային կապի գների սրընթաց նվազման և կապի որակի բարելավման տարիները։ Զուգահեռաբար նույն տեմպով ավելանում էին բջջային կապի բաժանորդները։ 2007 թ․-ի վերջին Հայաստանում բջջային կապ ուներ արդեն 1 մլն-ից ավելի մարդ։ Սա ոլորտում տեղի ունեցած հեղափոխություն էր, քրտնաջան աշխատանքի և միլիոնավոր դոլարների ներդրումների արդյունք։ Ընդ որում, մրցակցության շնորհիվ իր ծառայությունները բարելավեց նաև նախկին մենաշնորհատեր «Արմենտերը»։ Հետագայում Հայաստան մուտք գործեց բջջային կապի երրրոդ օպերատորը՝ ֆրանսիական «Օրանժը»։ Վերջինս սակայն հայաստանյան իր ընկերությունը հետագայում վաճառեց կապի ոլորտի տեղական ընկերությանը՝ «Յուքոմին»։
Ինտերնետ կապի որակը 1998 թ․-ին առանձնապես չէր տարբերվում բջջային կապի որակից։ Դարձյալ նույն մենաշնորհի հետևանքը, որի վերացումից հետո հայկական շուկայում հայտնվեցին ինտերնետ մատակարարող այլ ընկերություններ։ Ինտերնետ հասանելիությունը դադարեց լինել խոշոր ընկերությունների և մեծահարուստների առանձնաշնորհը։ Ծառայության գների անկումը և որակի բարձրացումը հասանելի դարձրեցին այս ծառայությունը ողջ բնակչությանը։ Դա փոխեց կյանքի որակը, մարդկանց անձնական և աշխատանքային հարցերի լուծումը, նպաստեց ժամանակի և միջոցների խնայողությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։
2000-ականներին ՏՏ ոլորտը տարեկան միջին 30 տոկոս աճ էր արձանագրում, իսկ Հայաստանում իրենց գործունեությունը սկսեցին ոլորտի համաշխարհային հսկաները՝ «Մայքրոսոֆտը», «Սինոփսիսը», «Ալկատելը», «Լայկոսը» և այլն։ Ստեղծվեցին տեղական և օտարեկրյա ներդրումներով տասնյակ և հարյուրավոր նոր ձեռնարկություններ, որտեղ բարձր աշխատավարձով աշխատանքի անցան հազարավոր երիտասարդ ծրագրավորողներ։ Նրանից շատերը, ի դեպ, մինչ օրս տեղյակ չեն կամ չեն հասկացել, թե ինչպես և ում շնորհիվ է դա տեղի ունեցել։
Դժվար է այդ ժամանակաշրջանում տեղի ունեցածը ամփոփել մեկ հրապարակման մեջ, բայց փաստ է, որ այդ տարիների ստեղծածը կենսական նշանակություն է ունեցել երկրի տնտեսության զարգացման և մարդկանց բարեկեցության բարձրացման հարցում։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը