20 07 2023

Աննա Հակոբյանի ազգականը պիցցայի առաքիչին բաժնի պետ է նշանակել․ «Հրապարակ»

Աննա Հակոբյանի ազգականը պիցցայի առաքիչին բաժնի պետ է նշանակել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք նախկինում գրել էինք, որ տեւական ժամանակ է, ինչ խիստ լարված են Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետերի եւ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հարաբերությունները։ Հիշեցնենք, որ Սամսոնյանը նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դրածոն է՝ ընտրություններում հաղթանակից հետո Բալասանյանը, կարելի է ասել, Գյումրիում իշխանությունը զիջեց ՔՊ-ին՝ ձեւականորեն պահպանելով քաղաքապետի պաշտոնը, իսկ մյուս բոլոր լծակներն ու պաշտոնները տրամադրելով ՔՊ-ին։ Բնական է, որ նման պայմաններում վաղ թե ուշ հակասություններ էին ծագելու, եւ այժմ Սամսոնյանը լեզու չի գտնում փոխքաղաքապետերի ու հատկապես մարտ ամսին փոխքաղաքապետ նշանակված 28-ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանի՝ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան հետ։ Ասում են՝ քաղաքապետարանում ամեն ինչ սկսել է 28-ամյա ատամնաբույժը թելադրել։

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ վաղ թե ուշ քաղաքապետի աթոռը Վահագն Մկրտչյանինն է՝ վարչապետի կինը նման ծրագրով է իր ազգականին փոխքաղաքապետ դարձրել։ Համայնքապետարանի մեր աղբյուրների պնդմամբ, քաղաքապետարանի աշխատողներին հունից հանում է այն, որ ոմանք ԽԾԲ-ով աշխատանքի են ընդունվում, համայնքը կառավարում, մյուս կողմից՝ այս իշխանությունը ձեւացնում է, թե կոռուպցիայի դեմ պայքար է մղում եւ աշխատում է օրենքի ու բարոյականության շրջանակներում։

Զավեշտալի է նաեւ այն, որ խնդիրների մեջ թաղված Գյումրիում մարդը վարորդից եւ առաքիչից բարձրաստիճան պաշտոնյա է դառնում ընդամենը այն պատճառով, որ վարչապետի կնոջ ազգականն է։ Իսկ Վահագն Մկրտչյանն անցել է ակտիվ գործունեության՝ մարդիկ է նշանակում-ազատում, հարցեր է լուծում։

Ընդամենը երեկ քաղաքապետարանի աշխատակիցներն անակնկալի են եկել, երբ Գովազդի, առեւտրի եւ սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել մեկին, որը, մեղմ ասած, այդ պաշտոնը զբաղեցնելու ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում։ Մեր տեղեկություններով՝ բաժնի պետի պաշտոնը ժամանակավոր ստանձնել է փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի ընկերներից մեկը, որը ժամանակին աշխատել է որպես առաքիչ։ Հավանաբար, առաքիչի համար ավելի հարմար պաշտոն չի գտնվել, եւ Վահագն Մկրտչյանը նրան կարգել է Գովազդի, առեւտրի եւ սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի պաշտոնում՝ որպես առաքիչի գործին առավել մոտ զբաղմունք։ Երեւի համարել է, որ առաքիչի փորձը բավարար է այդ պաշտոնի համար։

Ըստ մեր աղբյուրի՝ այս նշանակմանը խիստ դեմ է եղել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, բայց, ինչպես ասում են, անզոր է գտնվել Աննա Հակոբյանի ազգականի առաջ։

ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ ո՞վ է նոր բաժնի պետը։ «Երեկ ենք այդ բաժնի ժամանակավոր պաշտոնակատար ընտրել Սեւակ Խաչատրյանին։ Իմ մտերիմը չէ, բայց ծանոթ է, դե, շուրջ 3 ամիս է՝ այդ պաշտոնը թափուր էր, նախորդ պետն էլ հրաժարական տվեց»,- մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց փոխքաղաքապետը։

Պիցցայի առաքի՞չ էր, ի՞նչ սկզբունքով եք նրան նման պաշտոն վստահել։ «Ժամանակին աշխատել է նաեւ առաքիչ, բայց 3 տարի է՝ Ռազմական ոստիկանությունում թիկունքի պետ էր»,- պատասխանեց Մկրտչյանը։ Ինչպե՞ս եղավ, որ Ռազմական ոստիկանության համակարգից հրաժարվել է եւ նախընտրել առեւտրի բաժնի պետի պաշտոնը։ «Դե, աշխատանքի ընդունելիս մարդուն այդ հարցերը չենք տալիս, իր կամքն է»,- ասաց փոխքաղաքապետը։

Նշենք, որ ամիսներ առաջ էլ քննարկվեց փոխքաղաքապետի օգնական Կարեն Վարդանյանին Մկրտչյանի՝ աշխատանքից ազատելու լուրը։ Կարեն Վարդանյանին փոխարինեց Մկրտչյանի աներձագը՝ Գեւորգ Յայլոյանը։ Վերջինս եղել է Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի վարորդը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ