19 07 2023

Արայիկ Հարությունյանը այս ճանապարհով է որոշել ուշադրություն գրավել․ «Հրապարակ»

Արայիկ Հարությունյանը այս ճանապարհով է որոշել ուշադրություն գրավել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի գիշերը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հայտարարեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց է սկսում։ «Սա լրացուցիչ ճիգ է՝ միջազգային ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը՝ պարտադրել կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին եւ մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»,- ասաց նա ու հավելեց՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն, ապա դրանից հետո կդիմեն ավելի կոշտ գործողությունների, թե ինչպիսի, չմանրամասնեց։

Նախագահի տեսաուղերձից հետո խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի մոտ շտապ խորհրդակցություն է հրավիրվել՝ բոլոր խմբակցությունների ղեկավարների եւ որոշ պատգամավորների մասնակցությամբ, իսկ արդեն կեսգիշերն անց՝ ժամը 1-ի սահմաններում, բոլորով այցելել են հրապարակում նստացույց անող Արայիկ Հարությունյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչու է նա ակնկալում, որ կարող է այդ քայլով շարժել աշխարհի գութը։ Հարությունյանն ասել է, որ այլ ճանապարհ չկա, բոլորին նամակներ է գրել` արձագանք չկա, իրավիճակը բարդ է, ուստի այս ճանապարհով է որոշել ուշադրություն գրավել։ Ընդդիմադիրներն ակնարկել են, որ նախեւառաջ ՀՀ իշխանություններից է պետք պահանջել։

Նախագահը նշել է, որ իր տեսաուղերձում հստակ ասվում է, որ նաեւ ՀՀ իշխանություններին է այս քայլն ուղղված։ Հետաքրքրվել են՝ ի՞նչ հետագա կոշտ միջոցների մասին է ակնարկել նախագահը, սակայն Հարությունյանը փակագծեր չի բացել՝ նշելով միայն, որ ուրիշ ակցիաներ էլ են մտածել, սկզբի համար` գուցե հացադուլ եւ այլն։ ԱԺ նախագահը եւս միացել է նստացույցին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ