«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վերջին օրերին պարբերաբար «սպառնում է» ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անել: Նա երեկ հայտարարել է, թե արդեն հավաքել է բավարար ստորագրություններ ու Թովմասյանի հարցը ներկայացրել ՔՊ խմբակցության քննարկմանը:
Նկատենք, որ Աղազարյանն իր այս մտադրության մասին առաջին անգամ ակնարկել էր դեռեւս ապրիլի 4-ին ՝ ՄԻՊ թեկնածուի հարցով հանձնաժողովի նիստից առաջ՝ նիստը դեռ չսկսված:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, այս ծրագրի հետեւում իրականում կանգնած է ՔՊ վերնախավը, մասնավորապես՝ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ ՊՆ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որոնք, օգտագործելով Աղազարյանին, ցանկանում են ԱԺ հանձնաժողովի միակ ընդդիմադիր նախագահից ազատվել:
Հենց նրանք էլ Աղազարյանին հրահանգել են պաշտոնանկության գործընթաց սկսել, անգամ Աղազարյանին ասում են, թե ԱԺ ամբիոնից կամ լրատվամիջոցների հետ զրույցում ինչ խոսի, ինչ հայտարարություններ անի:
Կարելի է ասել՝ այս դեպքում Հովիկ Աղազարյանն ընդամենը «խաղալիք է» ընդդիմադիր պաշտոնյային պաշտոնանկ անելու ծրագիրն իրականացնելու համար:
Տեղեկացանք, որ անգամ ՔՊ-ականների համար է անսպասելի եղել Աղազարյանի այս նախաձեռնությունը, քանի որ սովորաբար նա առանձնապես չի էլ հետաքրքրվում ներքաղաքական նման հարցերով, ուր մնաց՝ նման նախաձեռնությամբ հանդես գար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած Անդրանիկ Քոչարյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով աշխատում են ՔՊ-ականների հետ, որպեսզի միանան Աղազարյանի նախաձեռնությանը, բայց երեկվա դրոթյամբ կեսից ավելին հրաժարվել էին ստորագրել:
Բոլորը սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ ստորագրել, թե մերժել Աղազարյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը