11 07 2022

Քրիստոսին նորից կխաչեն ու... ամեն օր կամ՝ դժոխքի վկաները

Քրիստոսին նորից կխաչեն ու... ամեն օր կամ՝ դժոխքի վկաները

Կարելի է ասել՝ արդեն որոշված է. Հայաստանում կխաչեն Հիսուս Քրիստոսին: Արդեն տեղն էլ է որոշված: Հասկանալի է, որ տաշի-տուշի տոնախմբությամբ դա կարվի: Տեղի կունենա այդ իրադարձությունը Հատիս լեռան վրա:

Գագիկ Ծառուկյանի քեֆը տվել է, որ հենց այս՝ բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ, գագաթին՝ վաղ բրոնզեդարյան հուշարձան և այլ հիշատակելի արժանիքներ ունեցող, Արա Գեղեցիկի պաշտամունքի հետ շաղկապվող լեռան գլխին տնկվի իր՝ «փողի ձեռը կրակն ենք ընկել» ֆանտազիայի արգասիքը՝ Հիսուս Քրիստոսի ահռելի արձանը: Փող կա, հարց չկա: Ու ոչ մի քահանա, վարդապետ, եպիսկոպոս ու անգամ՝ կաթողիկոս, իր հորդորներով չի կարող կասեցնել կռապաշտական այդ ձեռնարկը: Այստեղ հարցն այն չէ միայն, թե ինչո՞ւ են ուզում այդ սարի վրա արձան դնել: Հարցն այն է, որ մեր եկեղեցին առհասարակ դեմ է, որ Հիսուս Քրիստոսի արձան տեղադրվի: Բայց նրանց լսո՞ղն ով է:

Մի խոսքով, Քրիստոսին նորից կխաչեն: Հայաստանում արդեն ավելի քան մեկուկես տարի է, ինչ դա տեղի է ունենում գրեթե ամեն օր: Քավ լիցի, «իշխանությունը», որն ավելի շուտ դժոխքի դեսպանորդների մի համախումբ է, կաշվից դուրս է գալիս՝ դա անելու համար: Ամեն օր:

Եվ մինչ հանրային տիրույթներում բուռն քննարկումներ են ծավալվում Քրիստոսի արձանը Հատիս լեռան վրա տնկելու թեմայով, մինչ նախանձնախառն հույզեր են արտահայտվում Ճապոնիայի նախկին վարչապետի գնդակահարության և Շրի Լանկայի՝ արդեն նույնպես նախկին վարչապետի կեցավայր-առանձնատան գրավման ու հրկիզման վերաբերյալ, մեր դժոխամղձավանջային իրականության անթափանց խավարի մեջ օրերը մթնում ու անց են կենում:

Իսկ փաշինյանական կառավարության պանծալի ներկայացուցիչներից մեկը՝ տնտեսական աճը մայրաքաղաքային խցանումներով չափելու հայտնի գիտակ և աշխարհահռչակ էկոնոմիստ Քերոբյանն այդ ամենը բնորոշեց որպես... «շռնդալից զբոսաշրջային նախագիծ»: Այսինքն՝ Հիսուս Քրիստոսի արձան են տնկում ոչ թե իրենց չեղած մանանեխահատիկ հավատն արտահայտելու, այլ չտես զբոսաշրջիկներից մի երկու դոլար, եվրո կամ ռուբլի ավելի քերելու նպատակով: Սատանայությունը հո անպայման պոզով-պոչո՞վ չպիտի լինի:

Ի դեպ, Հայաստանում թուրքական նախագծերը շռնդալից իրագործող «իշխանության» ղեկավար Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրով Արմավիրի մարզում էր շրջագայում: Այցի հիմնական, եթե ոչ՝ առանցքային նպատակն, իհարկե, հայ-թուրքական սահմանաբերանից՝ Մարգարայից կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքն էր, որն, ըստ պաշտոնական հաղորդագրության, արդեն 15 տոկոսով կատարված է: Մնում է՝ մնացածը: Բայց Փաշինյանի դեպքում, դժվար չէ ենթադրել, որ հիմնականն անգամ այդ աշխատանքների ընթացքին ծանոթանալը չէ, այլ իր գործատու թուրքական ղեկավարությանը ցույց տալը, թե՝ տեսեք, ձեզ անհրաժեշտ էդ ճամփի շինարարությունն անձամբ Փաշինյանի վերահսկողության տակ է, ամեն ինչ օ-քեյ է, կներեք՝ թամամ:

Իսկ այդ մարզային այցելության ընթացքում մնացյալ դրսևորումները, եթե կարելի է այդպես ասել՝ փիառվելու դիզայնն էին: Առանձնապես վրդովեցուցիչ էր Փաշինյանի կեղծավոր-դերասանական խոնարհումը 2016թ. «ապրիլյան պատերազմում» զոհվածի շիրիմին: Խոնարհումը մեկի, ով ամեն ինչ արեց, որպեսզի արդարացնի իր կնոջ ասածը, թե՝ «զինվորները զոհվեցին... ոչնչի համար»: 

Իսկ Երասխահուն գյուղում, ինչպես հաղորդեցին տարբեր լրատվամիջոցներ, տեղացիներից մեկը Փաշինյանին ասել է, թե նա իրենց ազատեց դժոխքից: Դժոխքից, ուրեմն, ազատեց Նիկոլը, հիմա, ենթադրվում է, դրախտային վիճակ է՝ նրա ու իր Նիկոլի համար (նա չհակաճառեց, որ ինքը դժոխքից ազատել է տվյալ երասխահունցուն):

Դե ինչ, թեթևակի դիտարկենք, թե երասխահունցի նիկոլապաշտի և նրա պաշտամունքի առարկայի իմացած «դժոխքը» ո՞րն էր և ի՛նչ պատկեր է նիկոլական «դրախտում»:

Այսպես ասած՝ «նախկինային դժոխքում» Հայաստանն ուներ մարտունակ Զինված ուժեր, որոնք ոչ միայն ապահովում էին մեր ժողովրդի ու զույգ պետությունների անվտանգությունը, այլև՝ մեր փոքր տարածաշրջանի կայունությունը, ուժերի հավասարակշռությունը: Հայաստանը ուներ տնտեսություն, Հայաստանը ուներ արտաքին քաղաքականություն, Հայաստանը, կարճ ասած՝ պետություն էր, պատերազմում հաղթա՛ծ պետություն էր, Արցախի անվտանգության երաշխավորն էր, Հայաստանը Արմենիա էր, այլ ոչ՝ Էրմենիստան:

Նիկոլական «դրախտում» ու երասխահունցի նիկոլականի պաշտած Նիկոլի ու նիկոլիզմի հետևանքով՝ արևելյան ու արևմտյան թուրքերի տիրապետությանն է անցել Արցախի «դժոխային տարածքների» 75-80 տոկոսը: Նիկոլական «դրախտում»՝ կորուսյալ Շուշի, կորուսյալ Հադրութ, գրեթե 200 հայկական գյուղերի կորուստ կամ, ավելի շուտ՝ թշնամուն Նիկոլի կողմից հանձնած նվեր: Նիկոլի կողմից թշնամուն նվեր տրված հայկական սարեր, ճանապարհներ, գյուղեր: Եվ նիկոլականների (ոչ միայն նշված երասխահունցու) համար երանելի՜, փափագելի՜ իրողություն. Հայոց բանակի հազարավոր զոհված զինվորներ ու սպաներ, բազմապատկված «Եռաբլուր», բանակի ու պաշտպանության համակարգի ոչնչացում, տնտեսական բարդակ, ամենաթողություն, հանցավորության աճ, սոցիալական անկում, աղքատության ավելացում, Հայաստանի թրքացում...

Սա նիկոլական «դրախտն» է:

Առհասարակ, սատանայի կարևոր ունակություններից մեկը հասկացությունները գլխիվայր շրջելն է: Այդպես է լինում, որ նիկոլականը հայտարարում է, թե Նիկոլն իրենց դժոխքից ազատեց, իսկ Նիկոլն էլ հպարտանում է, որ Հայաստանն ու հայերը պարտվել են թշնամուն: Իսկ ինչո՞ւ չհպարտանա, չէ՞ որ ինքն առանցքային դերակատարում ունի այդ պարտությունը «գլուխ բերելու» հարցում:

 

Արմեն Հակոբյան 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ