15 04 2023

Փաշինյանն էլ տեսնում է, որ ինչ սուտ էլ տարածի, միևնույնն է, իրեն հավատացողներ կան․ «Փաստ»

Փաշինյանն էլ տեսնում է, որ ինչ սուտ էլ տարածի, միևնույնն է, իրեն հավատացողներ կան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Շուտով կլրանա Փաշինյանի պաշտոնավարման 5 տարին, և իր վարչապետության օրոք նա շարունակ նույն հին երգն է երգում։ Փորձում է ցույց տալ, թե ինքը մի այնպիսի առանձնահատուկ ղեկավար է, որը ցանկանում է առաջանցիկ տեմպերով երկիրը զարգացնել, հակառակորդի դեմ փառահեղ հաղթանակներ կերտել, հավիտենական խաղաղության հասնել, բայց իրեն, ինչպես միշտ, խանգարում են նվիրական երազանքներն իրագործելու հարցում։ Իսկ խոչընդոտողներն ինչ-որ «մութ ուժեր» են՝ հիմնականում նույնը, բայց երբեմն՝ «նորություններով»՝ նախկինները, դավադիրները, դավաճանները, բանակը, պետական կառավարման համակարգը, աղքատությունը գլխում կրող «պողոսները», ռուսները, ամերիկացիները, իր չուզողները, մի խոսքով՝ բոլորը, որոնք օրուգիշեր ջանք ու եռանդ չեն խնայում ճիգեր գործադրելու, որ գործող իշխանությունը, ավելի ճիշտ՝ Նիկոլը, հանկարծ չհաջողի։

Ա՜յ, ա՜յ, ա՜յ... Երբ Փաշինյանը նոր էր ընտրվել վարչապետի պաշտոնում, իրեն խանգարում էր ժամանակի խորհրդարանական մեծամասնությունը, ինչից ազատվելու համար ընտրություններ տեղի ունեցան, ու երբ խորհրդարանում էլ իր ղեկավարած ուժը մեծամասնություն ստացավ, պարզվեց, որ նախկինները կամ «սև ուժերը» ամենուր են՝ ոչ իշխանական ճամբարից, և խոչընդոտում են, սաբոտաժի դիմում, որ իշխանությունները հանկարծ հաջողություններ չունենան։ Հետո այս համատեքստում Փաշինյանը հատուկ թիրախավորում էր Արցախը, թե իբր այն դարձել է հակահեղափոխականության օջախ։ Իսկ պատերազմում ծանր պարտությունից հետո նրա պատկերացրած «դավադիրների» շարքերն ամբողջովին համալրեցին զինվորականները։ Ու ինչո՞ւ միայն նրանք: Ըստ էության, բոլորը մեղավոր են, բացի իրենից:

Հիմա էլ, օրինակ՝ այն պայմաններում, երբ Փաշինյանը հայտարարում է, թե սահմանին զորք ունենալ պետք չէ, այլ սահմանը պետք է միայն թողնել սահմանապահների հսկողությանը, իսկ այդ ֆոնին թշնամին հաջողացնում է իր նոր ագրեսիան ու ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ է զավթում, դրա մեղավորը նորից զինվորականներն են, որոնք «դավադիր պլաններ են ունեցել»։ Ի դեպ, վերջին շրջանում Փաշինյանը նոր բնորոշում է հորինել իր պատկերացրած «դավադիրներին» բնորոշելու համար՝ նրանց որակելով որպես հինգերորդ շարասյուն, որն իբր դրսից է կառավարվում։ Այստեղ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հանրության մի հատվածը, որն իրավիճակը գնահատելու համար միայն էմոցիաներով է առաջնորդվում կամ ընդհանրապես որևէ բանով չի առաջնորդվում, կուրորեն հավատ է ընծայում Փաշինյանի ասածներին՝ ա՜խ, ինչ անի խեղճ Նիկոլը, նրան չեն թողնում աշխատի։

Տարիներ շարունակ Փաշինյանն իր քաղաքական նպատակներին հասնելու համար այնքան է կրկնել նույն խեղաթյուրված թեզերը, որ շատերը դրանց վերաբերվում են որպես «պատմական իրողություն»՝ առանց փաստերի մեջ խորանալու։ Ավելին՝ առանց դրանց տրամաբանության մեջ խորանալու: Իսկ տրամաբանություն, որպես կանոն, չկա. միայն հորինվածք ու մանիպուլ յացիա: Փաշինյանն էլ տեսնում է, որ ինչ սուտ էլ տարածի, միևնույնն է, իրեն հավատացողներ կան, ընդ որում՝ ոչ քիչ թվով, ավելի մեծ ստեր է հորինում, դրանք ուռճացնում ու նոր գունազարդմամբ է մատուցում։ Իսկ մինչ այդ Հայաստանը շարունակում է նորանոր կորուստներ ունենալ։

Բայց, դե, հասկանալի է՝ միշտ չի կարող Փաշինյանը նախկիններին ու զինվորականներին մեղադրել, ու ժամանակի ընթացքում մեղավորներ ու «դավադիրներ» փնտրելու մոլուցքը հասցնելու է նրան, որ կգա նաև մի պահ, որ նա իր չարչրկված թեզերին կենդանություն հաղորդելու համար թիրախ կընտրի իրեն ընտրածներին՝ հենց ընտրելու համար, ավելին՝ նույնիսկ իր թիմակիցներին «փուռը կտա»։ Օրինակ՝ նա իր հերթական ձախողումն արդարացնելու համար կնշի, թե որոշ թիմակիցներ խանգարել են իրեն, քանի որ համագործակցել են «հինգերորդ շարասյան» հետ։ Ինչպես տեսնում ենք, Փաշինյանի դեպքում գործում է միայն այն սկզբունքը, թե հաջողությունների տերն ինքն է, իսկ բոլոր անհաջողությունները այլոց՝ «դավադիրների» ձեռքի գործն է։ Փաստացի, հանուն իր իշխանության՝ Փաշինյանը ամեն ինչի ընդունակ է, միայն թե ժամանակագրական առումով իրենից մաքսիմալ հեռացնի ժողովրդի անխուսափելի ցասումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ