«Փաստ» օրաթերթը գրում է․ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն օրերս հաստատեց Politico պարբերականի այն հոդվածը, ըստ որի, ԵՄ-ն ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանին տեղեկատվություն է փոխանցում: ԵՄ պաշտոնյան նշվածը բնական երևույթ էր որակել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ դիտորդներն այլ գործառույթներ ունեն այստեղ, որի մասին ՌԴ պատկան կառույցների ղեկավարները պարբերաբար բարձրաձայնում են:
«Նրանք հետախուզական աշխատանք են կատարում: Ավելին՝ իրենց կատարած աշխատանքի արդյունքների մեկ օրինակը մեր պատկան կառույցներ գնալու փոխարեն գնում է Ադրբեջան: Արդյո՞ք նրանք այն դիտորդներն են, որոնք եկել են սահմանին խաղաղություն ապահովելու համար: Ի դեպ, ՀԱՊԿ-ը վերջին 15 օրվա ընթացքում տարբեր հայտարարություններ է անում, ՌԴ փոխնախարարի մակարդակով հայտարարվեց նաև, որ ՀԱՊԿ-ը Հայաստան դիտորդներ բերելու պատրաստակամություն ունի: Խոսվեց նաև զորավարժություններ անելու, անվտանգությունն ուժեղացնելու մասին, միաժամանակ շեշտվեց, որ Հայաստանը պարզապես ցանկություն չունի ստորագրել առաջարկվող փաստաթուղթը:
Սա չի՞ բխում արդյոք այն տրամաբանությունից, որ Հայաստանի օրվա իշխանությունները լծվել են Արևմուտքի շահերը սպասարկելուն, իսկ ՀԱՊԿ-ի ներկայությունը ՀՀ տարբեր ուղղություններում դեմ է այդ շահերին»,-ասաց Հ. Նահապետյանը: «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի խոսքով էլ, ԵՄ դիտորդների գործունեությունը գնահատելու համար նախ այն պետք է հասկանալի լինի: «Կա զինված կոնֆլիկտ կամ պատերազմ, բայց այդ առաքելության ներկայացուցիչները միջամտության որևէ մանդատ չունեն, ինչի մասին հայտարարված է անգամ առաքելության նպատակներում: Զուտ նայում են, թե ինչպես է Ադրբեջանը խախտում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Ուղիղ իմաստով այս առաքելությունը մեզ ոչինչ չի տալիս: Իսկ եթե այս ամենին գումարում ենք նաև Տոյվո Կլաարի հայտարարությունը, ըստ որի, տեղեկությունը փոխանցում են Ադրբեջանին, այս համատեքստում էլ ի՞նչ կարելի է ակնկալել այդ առաքելությունից, ոչինչ: Իմ կարծիքով՝ սա քայլ առաջ է՝ ՌԴ-ին տարածաշրջանից հանելու իմաստով»,-ասաց Ռ. Նազարյանը:
Հայկ Նահապետյանն էլ նշեց, որ գործ ունենք Արևմուտքի շահերը սպասարկող ստորաբաժանման հետ: «Այդ 100 դիտորդները պրոֆեսիոնալ հետախույզներ են, և կապ չունի, թե ինչ տանիքի ներքո են գործում՝ խաղաղապահ են, դիտորդ, թե ոստիկան: Նրանց գործառույթը Հայաստանում 102 ռազմաբազայի դեմ է ուղղված, իրենք մոնիթորինգ են անում նաև Իրանի և ՀՀ սահմանները, անցկացնում են սոցհարցումներ: Ես տեղյակ եմ, որ Ջերմուկում ու Կապանում հարցումներ են իրականացրել, որոնց բնույթից չի երևում, որ շահագրգիռ են շփման գծի ամբողջ երկայնքով խաղաղություն պահպանելու հարցում: Արևմուտքը, մեծ հաշվով, իր գործիքակազմով խնդիրներ է լուծում, տարածաշրջանը պատրաստում մեծ պայթյունի, որին դեմ է և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը: Կարծում եմ՝ այդ մեծ պայթյունին Ադրբեջանն ու Թուրքիան ևս դեմ են, բայց Արևմուտքն ունի իր շահերը, որի սպասարկման տիրույթում է գործում նաև Նիկոլ Փաշինյանը»: Ընդհանրապես, փորձագետները ռիսկեր ու խնդիրներ են տեսնում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանին տեղեկատվություն փոխանցելու հետ կապված: «Վստահաբար, ես չեմ բացառում, որ դա կարող է նաև մեր շահերի դեմ աշխատել»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Ռոբերտ Նազարյանն էլ հավելեց. «Տեղեկության փոխանցման տեսանկյունից խնդիր, բնականաբար, կա: Իրենց փաստացի անգործությունը կամ գործունեությունը, որից մեր երկրի համար օգուտ չկա, ինքնին վտանգ է: «Տեղեկության փոխանցում» ասվածը նաև մի քիչ աղավաղված է: Այսինքն, գիտենք, որ ինչոր տեղեկություն են փոխանցում, բայց թե ինչ է, ինչ հաճախականությամբ կամ ինչ օպերատիվությամբ է փոխանցվում, տվյալներ չունենք: Այդուհանդերձ, ցանկացած դեպքում որևէ կառույցի կամ առաքելության կողմից Ադրբեջանին փոխանցվող տեղեկատվությունը, այդ արտահայտությունն ինքնին ռիսկային է»:
Այս համատեքստում անդրադառնալով այս փուլի խնդիրներին՝ Հայկ Նահապետյանը նշեց. «Քանի դեռ իշխանությունները լծվել են Արևմուտքի շահերի սպասարկմանը, որևիցե լավ բան չենք կարող սպասել: Դեռ սադրանքներ, բախումներ, ցավոք, զոհեր կլինեն»: Ռոբերտ Նազարյանն էլ նշեց, որ կա պատերազմ, թեև ոչ ակտիվ ու տաք փուլում. «Կա ռազմական կոնֆլիկտ, որտեղ կա երկու կողմ. մեկը՝ մեր թշնամին, իր ցանկությունների մասին բացահայտ հայտարարություններ է անում և գործողություններով ցույց տալիս, որ իր նպատակներին հասնելու համար հետ չի կանգնելու, և երկրորդ կողմը՝ Հայաստանը, որտեղ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո որևէ շոշափելի քայլ չի արվել, որը կարող է հակազդել ադրբեջանական կողմին: Ասում են՝ բարելավումներ են արել, բայց կյանքը ցույց է տալիս, որ այդ բարելավումները կա՛մ բարելավումներ չեն, կա՛մ ընդհանրապես չկան»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը