«Փաստ» օրաթերթը գրում է․ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր ՄԻՊ թեկնածությունը, իշխանության ներկայացուցիչները սպառնալիքներ հնչեցրին ընդդիմության թեկնածուի հասցեին: Մինչ այդ իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ նման տարբեր միջադեպերի էինք ականատես եղել:
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով նախ ԱԺում տեղի ունեցածին, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ վերոնշյալ անձինք պատահականորեն են հայտնվել ԱԺ-ում, առավել ևս պատահականորեն՝ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում։
«Նրանց, որպես պատգամավորների թեկնածուներ, անձամբ ընտրել է վարչապետ կոչեցյալը, որպես իրեն հավատարիմ կամակատարներ: Բացի այդ, վարչապետ կոչեցյալն է որոշել իր կամակատարների պաշտոններն ու անդամակցությունը ԱԺ հանձնաժողովներում։ Նրանք գաղափար չունեն, թե ինչ է քաղաքականությունը, առավել ևս մարդու իրավունքները, քաղաքավարության տարրական կանոնները։ Նրանց միայն մեկ բան է հետաքրքրում՝ պահպանել իրենց դիրքերը ՔՊ-ում, որն էլ նշանակում է փող, արտոնություններ, արտասահմանյան շրջագայություններ, վայելքներ։ Իսկ դրա համար պետք է անվերջ ցուցադրել հավատարմությունը վարչապետ կոչեցյալի նկատմամբ, նրան քծնել, հաճոյանալ։ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում ընթացող այդ, ներեցեք՝ բալագանը, սպառնալիքները, հարձակումները և այլն, պետք է դիտարկել նշված համատեքստում»,-ընդգծեց Ա. Իշխանյանը:
Ավետիք Իշխանյանի խոսքով, այն, ինչ տեղի է ունենում, միայն վերջին ժամանակահատվածում չէ: Խոսելով նաև անպատժելիության մասին՝ նա մինչ այս տեղի ունեցած մի շարք այլ իրողությունների մասին հիշեցրեց: «Դեռևս 2019 թ. բանտում հացադուլից մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը, որին կեղծ մեղադրանք էր առաջադրվել։ Նույն 2019 թ. դաժան ծեծի ենթարկվեց պայմանագրային զինծառայող Արա Մխիթարյանը, որը մինչ այժմ կոմայի մեջ է։ Առաջին դեպքում ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, երկրորդ դեպքում, իմ համոզմամբ, իրական մեղավորը նույնպես չենթարկվեց պատասխանատվության և այժմ պատգամավոր է։ Հիշենք նաև այսօրվա ԱԺ փոխխոսնակի հարձակումը լրագրողի վրա, Ապարանում երեք երիտասարդների սպանությունը, Սոնա Մնացականյանի, Արմեն Գրիգորյանի ողբերգական մահերը, էլ չեմ ասում խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության վայրագությունների մասին։
Արդեն կարելի է վստահաբար պնդել, որ մենք գործ ունենք ոչ միայն անպատժելիության, այլև իշխանության կողմից նման հանցագործությունների խրախուսման հետ։ Այնպես որ, այդ հոխորտանքներ հնչեցնողները հույս ունեն, որ իրենց տերը, այն է՝ վարչապետ կոչեցյալը, կնկատի և կողջունի իրենց պահվածքը։ Այսօր խոսել Հայաստանում իրավականությունից, առավել ևս՝ մարդու իրավունքներից, ուղղակի զավեշտալի է: Հիշեցնեմ, որ Հայաստանում գործում է հայտնի բռնակալ, նախկինում լրագրող Դուչեի (Բենիտո Մուսոլինի) հռչակած կարգը. «Մեր բարեկամներին և ընկերներին թույլատրվում է ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»»,-հավելեց իրավապաշտպանը:
Իսկ թե ինչպե՞ս իշխանությունը հասավ այս աստիճանին, Ավետիք Իշխանյանը նկատեց. «Իշխանությունների սանձարձակությունների համար պատասխանատու են ոչ միայն իրենք, այլև, իմ համոզմամբ, առաջին հերթին հասարակությունը։ Ցանկացած այլ երկրում նման դեպքերը հասարակության բուռն ընդվզումն ու զայրույթը կառաջացնեին, ժողովուրդն ինքնաբուխ կլցվեր փողոցները, և իշխանության ժամերը հաշված կլինեին։ Իսկ մե՞նք... Իսկ մենք հանդուրժեցինք այս ամենը և հարմարվեցինք։ Հանդուրժեցինք նույնիսկ հայրենիքի կորուստը։ Սա նշանակում է, որ մեր հանրությունն իր գերակշիռ մասով քաղաքակիրթ չէ, չունի արժեքներ և «ըմբռնումով» է մոտենում այս ամենին»:
Իշխանյանի համոզմամբ, 2018թ.-ին, ստի և կեղծիքի հեղափոխության անվան տակ աշխարհաքաղաքական դավադիր գործարք էր գործում, որի բաղադրիչներից առաջինը Արցախի հանձնումն էր։ «Այս դավադիր ծրագիրը շարունակվում է։ Բնականաբար, այն ինչ-որ պահի կարող է ձախողվել։ Ձախողման դեպքում սպասվում է իրավական կամ ոչ իրավական հաշվեհարդար դավադիր ծրագիրն իրականացնողների և նրանց սպասարկողների համար։ Բնական է, որ թիվ մեկ դավադիրն իր հովանավորներից անվտանգության երաշխիքներ է ստացել, և վտանգի դեպքում նա, պատկերավոր ասած, կթռնի Հայաստանից՝ թողնելով իր կամակատարներին բախտի քմահաճույքին»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը