«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանում այնպիսի տնտեսական միջավայր է, որտեղ ամեն օր տնտեսագիտական դասական կանոններից դուրս երևույթներ կարող են տեղի ունենալ ու տեղի են ունենում։ Օրինակ՝ այդ երևույթներից մեկն այն է, որ արդեն մեկ տարի է, ինչ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազում է, բայց ներկրվող ապրանքները դրա արդյունքում այդպես էլ չեն էժանանում։ Մյուս կողմից՝ գնաճի անընդհատ, հետևողական աճող տեմպերը մեծ բեռ են ստեղծում սպառողների ուսերին, որոնց եկամուտների ավելացումը չնչին է (մեծամասամբ՝ զրոյական) գրանցվող թանկացումների համեմատությամբ։ Հայաստանում ընդունված պրակտիկա է նաև չարդարացված, սուբյեկտիվ, արհեստական գնաճը, որի արդյունքում իշխանությունների գիտությամբ ներկրողներն ահռելի կապիտալ են դիզում։
Դոլարի արժեզրկման արդյունքում նաև արտահանումն է տուժում, քանի որ հայկական ապրանքներն ու ծառայությունները դրսում կորցնում են իրենց մրցունակությունը։ Դրա համար էլ հայ արտահանողները պահանջում են միջոցներ ձեռնարկել դոլարի՝ տրամաբանության մեջ չտեղավորվող արժեզրկման և, ընդհանրապես, փոխարժեքների՝ օրերի կտրվածքով «հանելուկային» տատանումների դեմ։ Քանի որ ՀՀ-ից արտահանման հիմնական ուղղությունը ՌԴ-ն է, ապա նավթի գներով պայմանավորված՝ ռուբլու փոխարժեքի նվազումը ևս ազդում է արտահանողների շահույթի չափաբաժնի վրա։ Բայց այդպես էլ իշխանությունների կողմից թիրախային ծրագրեր չեն իրագործվում արտահանումը խթանելու և արտահանողների համար արտոնյալ պայմաններ ու դաշտ ստեղծելու համար։
Մյուս կողմից էլ՝ քայլեր չեն իրագործվում գյուղատնտեսությունը խթանելու ուղղությամբ մանավանդ այն պարագայում, երբ արդեն բացվել է գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը։ Իսկ այս ոլորտը շատ կարևոր է, քանի որ մի կողմից՝ դրա «կառուցվածքում» առանցքային մասնաբաժին են կազմում գյուղատնտեսական մթերքները, մյուս կողմից էլ՝ այն զբաղվածության մեծ մակարդակ է ապահովում։ Բայց ՀՀ իշխանությունները «քնից զարթնում են» միայն այն ժամանակ, երբ արդեն գյուղացիներն ու ֆերմերները սկսում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Այս անուշադրության պատճառով է, որ գյուղոլորտը տարեցտարի հետևողական անկում է գրանցում։ Վերջերս Շիրակ գյուղի գյուղատնտեսները դժգոհում էին, որ կառավարությունը դադարեցրել է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը։
Շուտով նրանց կմիանան գյուղոլորտում ներգրավված այլ ներկայացուցիչներ՝ բարձրացնելով տարբեր հարցեր։ Մյուս կողմից էլ՝ բացի փիառից, որևէ լուրջ քայլ չկա ՀՀ ընդհանուր տնտեսական ներուժին զարկ տալու ուղղությամբ։ Իշխանությունները հայտարարում են միայն սահմանների բացման օգուտների (իրականում՝ շատ կասկածելի) մասին, սակայն չեն նշում առկա և սպասվող աշխարհաքաղաքական ռիսկերի մասին։
Օրինակ՝ հիմա աշխարհաքաղաքական տեղաշարժերով ու ռուսների ներհոսքով պայմանավորված՝ գումարներ են ներհոսում Հայաստան, ու ապրանքների ու ծառայությունների մեծաքանակ սպառման արդյունքում տնտեսական աճ է արձանագրվում, սակայն նույն աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ Հայաստանից ինչ-որ մի պահի կարող է կապիտալի ահռելի արտահոսք սկսվել։ Այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնել, ստեղծել տնտեսական անվտանգության բարձիկներ ու հիմնական խաղադրույքը կատարել ոչ թե արտաքին գործոնների, այլ ներքին ներուժի վրա։
Սակայն ոչ մի քայլ չի արվում: Հնարավոր է՝ իշխանություններն անձնական շահ չունեն ՀՀ տնտեսական ներուժն ամրապնդելու հարցում, այլ հարց է անձնական ֆինանսական ու տնտեսական հնարավորությունների ավելացումը։ Այնտեղ, որտեղ կա այդ նեղ շահը, նրանք շատ ակտիվ են ու հետևողական: Դրա համար էլ մինչ տնտեսությունը սողալով է զարգանում, մինչ աղքատությունը օրավուր խորանում է, իշխանականները սրընթաց արագությամբ հարստանում են ու բարգավաճում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը