«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանության, Պարեկային ծառայության պետ չի կարողանում գտնել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ փնտրում են համակարգից մեկին, որն ի վիճակի կլինի ծառայությունը վերահսկելու եւ կանոնակարգելու, իրական բարեփոխումներով առաջ տանելու։ Նշենք, որ փետրվարի 16-ին ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Նրան ազատեցին, երբ մի խումբ պարեկներ տեւական ժամանակ չէին կարողանում Հանրապետության հրապարակի մայթերին անկանոն եւ վտանգավոր պտույտներ անող «Համերին» կանգնեցնել. երբ հաջողվեց, վարորդն արդեն փախուստի էր դիմել։
Երիտասարդը ձերբակալվեց որոշ ժամանակ անց ու կալանավորվեց։ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում մշտապես անդրադարձել է կադրային խնդիրներին. չկան փոխնախարարներ, պաշտոնները ամիսներով, տարիներով թափուր են: Այժմ Հայաստանում չկա նաեւ Մարդու իրավունքների պաշտպան, եւ արդեն մեկ ամիս է, ինչ ՔՊ-ն չի կարողանում թեկնածու գտնել։ Նաեւ սա է պատճառը որ հաճախ մի պաշտոնյային հանում եւ մեկ այլ տեղ պաշտոնի են նորից նշանակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը