02 03 2023

Դատական համակարգն է, որ այսօր կռանում է Փաշինյան Նիկոլի առաջ․ Փաստաբան․ «Փաստ»

Դատական համակարգն է, որ այսօր կռանում է Փաշինյան Նիկոլի առաջ․ Փաստաբան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Դատա-իրավական համակարգում այս փուլում տեսնում ենք թիրախավորվող դատավորներ, որոնք ինչ-որ մի փուլում կարող են զրկվել լիազորություններից, իշխանության, այսպես ասած, քիմքին հաճո վարքագիծ չդրսևորելու պատճառով: Դիտարկելով նաև վերոնշյալ մոտեցումը՝ փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ այս իրողությունը ևս ավելի լայն նպատակի տրամաբանության մեջ է:

«Դատական համակարգն այս իշխանությունները հասցրին մի կետի, երբ արդեն կարող ենք ասել, որ դատական համակարգ, բառի բուն իմաստով, գոյություն չունի: Գոյություն ունի աննման զույգ՝ ի դեմս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ու նրա վաղեմի ընկեր ու գործընկեր՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի: Եվ գոյություն ունի նրանցից ներքև գտնվող ինչ-որ բուրգ: Այս ամենն անհնար է դատական համակարգ կոչել: 2018-ից քայլ առ քայլ եկան ու հասան այս փուլին»,-ասաց մեր զրուցակիցը:

Խոսելով ավելի լայն նպատակի մասին՝ նա շեշտեց. «Այս ամենը, իհարկե, ուղիղ Նիկոլ Փաշինյանից է գալիս: Եվ մենք, ցավոք, գործ չունենք իրավաքաղաքական գործընթացների հետ: Սա բացառապես քաղաքական դրսևորում է: Իշխանության հասած մեկ անձի՝ իր իշխանությունը հավերժացնելու ճանապարհին հնարավոր իրական ու ենթադրյալ խոչընդոտները վերացնելուն ուղղված գործընթաց է սա: Այստեղ որևէ այլ բան փնտրել պետք չէ: Այդ անձի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում արած ցանկացած գործողություն միտված է միայն այդ մեկ նպատակին՝ իշխանությունը հավերժացնելուն: Այլ նպատակ նա չի կարող պատկերացնել»:

Երվանդ Վարոսյանի խոսքով, զիջումային քաղաքականությունը ևս իշխանությունը պահելու ցանկությունից է բխում. «Օրինակ՝ ամիսը հինգ անգամ կարող է փոխել արտաքին քաղաքական ուղղվածությունը, բայց դրա հիմքում ևս նշված նպատակից բխող հարցադրումն է՝ ո՞րն է ավելի հարմար իշխանություն պահելու համար: Սա է պատճառը, որ ինչ-որ պահի արտաքին դաշտում կարող է հոխորտալ, խոսել ՀՀ-ից զավթված սուվերեն տարածքներից, հետո կարող է ամիսներով մոռանալ, որ ՀՀ սուվերեն տարածքները զավթված են: Այդ ամենի տրամաբանությունը մեկն է. յուրաքանչյուր պահի մտածում է, թե այդ պահին իշխանություն պահելու համար որն է ավելի հարմար դիրքը, որ կարող է ընդունել»:

Ինչ վերաբերում է դատական համակարգի՝ նման քաղաքականության նկատմամբ ունեցած «դիմադրողականությանը», Երվանդ Վարոսյանը նշեց, որ համակարգը չի կարող դիմանալ: «Չի կարող, որովհետև նշվածի մեղավորությունն արդեն Նիկոլ Փաշինյանինը չէ: Մեղավոր են նաև այն անձինք, որոնք տասնամյակներ շարունակ պատասխանատու են եղել այդ դատական համակարգի կայացման համար: Նրանց կայացրած դատական համակարգն է, որ այսօր կռանում է Փաշինյան Նիկոլի առաջ, և իրենց մարդու պես են պահում ու դիմադրում են ընդամենը հատուկենտ դատավորներ: Սա խոսում է այն մասին, որ մենք դատական համակարգ, որպես այդպիսին, երբեք չենք էլ ունեցել: Այո, եղել են ռեֆորմներ, որոնք շատ դանդաղ որոշակի դրական արդյունքների են բերել: Եղել են նաև հատուկենտ պարկեշտ դատավորներ: Բայց ընդհանուր համակարգի հիմքում եթե լիներ այն սկզբունքը, ըստ որի, դատավոր կարող է դառնալ միայն սկզբունքային, բանիմաց, մարդու շնորհք ունեցող անձնավորությունը, դատական համակարգը ոչ ոք չէր կարող այս օրին հասցնել»,-ասաց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանը շեշտեց՝ իր համար պարզ էր, թե ավելի վաղ ինչու համարժեք արձագանք չեղավ, երբ դատարանների մուտքերն էին փակում: «Ես գիտեմ՝ ինչու այդ շրջափակումը եղավ: 2018-ից հետո հնչող լոզունգներին դատավորներն էլ էին հավատացել: Նրանք հավատացել էին, որ այսուհետ իրենք օրենքով պետք է գործեն, որ «իրավական պետության ժամանակաշրջան է ի հայտ եկել», և այսպես շարունակ: Փաշինյանը, շրջափակելով դատարանների մուտքերը, նրանց ուղիղ ցույց տվեց, որ ոչինչ չի փոխվել, ու դեռ ամեն ինչ վատ է լինելու, ասաց՝ «հանգիստ նստեք տեղներդ»: Դրանից հետո դատավորներն իրենց ընտրությունը կատարեցին: Եղան մարդիկ, ովքեր «հանգիստ չնստեցին տեղները», եղան մարդիկ, ովքեր «վեր ընկան»»,-նշեց նա:

Անդրադառնալով վերջին շրջանում իրականացվող, իշխանությունների բնորոշմամբ, հանրային քրեական հետապնդումներին, փաստաբանը շեշտեց, որ սա ևս վերոնշյալ նպատակի տրամաբանության մեջ է և բացարձակապես կապ չունի իրավական հարթության հետ: «Այդ գործընթացները անհնար է դիտարկել իրավական հարթության մեջ: Այդ գործընթացները կրկին սովորական քաղաքական շոուների, մեղավորներ-պատասխանատուներ գտնելու և հասարակության որոշակի հատվածին պարբերաբար զոհեր մատուցելու գործընթացի հերթական դրսևորումներն են»,-հավելեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ