24 02 2023

ՄԻՊ թեկնածու հնարավոր է առաջադրեն ՔՊ պատգամավորներից մեկին. «Ժողովուրդ»

ՄԻՊ թեկնածու հնարավոր է առաջադրեն ՔՊ պատգամավորներից մեկին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՄԻՊ թեկնածուի առաջադրման հարցը շարունակում է գլխացավանք մնալ իշխող խմբակցության համար: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ եթե սահմանված 10-օրյա ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո՝ էլի տասնօրյա ժամկետում, պետք է առաջադրում լինի. դարձյալ տասնօրյա ժամկետ է սահմանվում. մինչեւ 3-րդ ամսվա վերջին օրը պետք է արդեն օմբուդսմենն ընտրված լինի:
ԱԺ հանձաժողովից տեղեկացանք, որ առաջադրման երրորդ տասնօրյակն է լրանում, սակայն թեկնածու այդպես էլ չի նշմարվում. ո՛չ իշխող ֆրակցիան, ո՛չ էլ ընդդիմությունը թեկնածու չեն գտնում: ՔՊ-ականները դժգոհում են, թե ում առաջարկում են առաջադրվել այդ պաշտոնում, չի ցանկանում: Ընդդիմությունն էլ թեկնածու չի առաջադրում, քանի որ վստահ է՝ ում էլ առաջադրեն, միեւնույնն է, իշխող ֆրակցիան չի ընտրելու: Ստացվում է՝ իշխող ֆրակցիան ո՛չ ինքն ունի թեկնածու, ո՛չ էլ ցանկանում է ընդդիմության թեկնածուի շուրջ համաձայնության գալ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները խմբակցության նիստերից մեկի ժամանակ տեսակետ են գեներացրել, որ թեկնածու չգտնելու դեպքում մտադիր են ՄԻՊ թեկնածու առաջադրել հենց իրենց խմբակցության պատգամավորներից մեկին. հակված են՝ կին թեկնածու լինի: Թեեւ ՔՊ-ականները իրենք էլ դեմ են այս պաշտոնում առաջադրվելու գաղափարին (քանի որ ՄԻՊ-ը պետք է լինի անկուսակցական), սակայն ասում են, որ եթե Նիկոլ Փաշինյանն ասաց, չեն կարող հակադրվել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ