21 02 2023

Հայաստանի տնտեսական ռիսկերի աշխարհաքաղաքան վեկտորը. «Փաստ»

Հայաստանի տնտեսական ռիսկերի աշխարհաքաղաքան վեկտորը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում անցած տարի Հայաստանը կարողացավ բարձր տնտեսական աճ ունենալ, բայց այս տարի արդեն, աշխարհաքաղաքական նոր զարգացումներով պայմանավորված, Հայաստանի տնտեսության հետագա աճի համար մեծ ռիսկեր կարող են ի հայտ գալ։ Այսինքն, դեռ հարց է, թե Հայաստանը կկարողանա՞ պահպանել բարձր տնտեսական աճի՝ անցյալ տարվա իներցիան ու թույլ չտալ, որ բնակչության սոցիալական վիճակը վատանա։ Իսկ ՀՀ տնտեսության համար սպառնալիք կարող են լինել ոչ միայն հակառակորդի կողմից նոր ագրեսիան, այլև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Գաղտնիք չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարիներ շարունակ Հայաստանը շրջափակելու, տարածաշրջանային նախագծերից մեկուսացնելու ու տնտեսապես խեղդելու քաղաքականություն են վարել։ Դրա արդյունքում է, որ տարածաշրջանային նշանակություն ունեցող տրանսպորտային, էներգետիկ և այլ նշանակություն ունեցող հիմնական ենթակառուցվածքները շրջանցում են Հայաստանը։ Ներկա պայմաններում կարող է թվալ, թե Թուրքիայի հետ սահմանների բացումը և Ադրբեջանի հետ հաղորդակցության վերականգնումը պետք է շատ լուրջ խթան դառնա Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Բայց, որքան էլ արտաքուստ զարմանալի թվա, իրականում Թուրքիայի և Ադրբեջանի պատկերացրած տեսքով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը նշանակում է Հայաստանի նկատմամբ շրջափակման օղակի ավելի սեղմում։

Պարզ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի ցանկանա, որ Հայաստանի շրջափակումը վերանա, ու հայկական պետությունը զարգանալու նոր հնարավորություններ ստանա։ Այլապես թուրք-ադրբեջանական տանդեմն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը չէր դարձնի օրակարգային։ Այսինքն, «Զանգեզուրի միջանցքի» բացման պարագայում Թուրքիան ու Ադրբեջանն ընդհանրապես Հայաստանի հետ իրենց սահմանները բացելու և առևտուր անելու անհրաժեշտություն չեն տեսնի ու, բացի այդ, կխորացնեն Հայաստանի մեկուսացումը ու կկտրեն Իրանի հետ կապող Սյունիքի ճանապարհը, որը շատ դեպքերում ուղղակի «կյանքի ճանապարհ» է Հայաստանի համար։ Իսկ եթե ենթադրենք, որ Թուրքիան իսկապես որոշում է բացել Հայաստանի հետ սահմանը և առևտուր սկսել Հայաստանի հետ, ապա դրանից նույնպես ռիսկերը չեն նվազում։ Այդ դեպքում Թուրքիան Հայաստանում տնտեսական էքսպանսիա իրականացնելու հնարավորություն է ստանում։

Տնտեսական հարաբերությունների վերականգնման արդյունքում թուրքական էժան ապրանքները կհեղեղեն հայկական շուկան, իսկ տեղական արտադրանքը կդառնա անմրցունակ։ Առանց այն էլ ներկա պայմաններում, երբ դրամը շարունակում է ամրապնդվել, հայկական արտադրողները, որոնց հիմնական գործունեությունը միտված է արտահանմանը, ահռելի վնասներ են կրում։ Իսկ Թուրքիայի հետ սահմանների բացման արդյունքում հատկապես լուրջ հարված կարող է ստանալ գյուղատնտեսությունը, որտեղ արդեն մի քանի տարի անկումային տրամադրություններ են տիրում։ Թուրքական էժան գյուղմթերքի հետ մրցելու համար Հայաստանում գյուղատնտեսությունն առաջին հերթին պետության հոգածության և խթանիչ ծրագրերի կարիքն ունի։ Բայց այս պահի դրությամբ որևէ հույս չկա, որ գյուղոլորտի զարգացմանը միտված հատուկ նախագծեր են իրականացվելու։

Օրինակ՝ գարնանը հաշված օրեր են մնացել, բայց կառավարությունը մատը մատին չի տալիս հիմիկվանից գյուղոլորտի խնդիրները լուծելու համար։ Մինչև գյուղացիները և ֆերմերները աղմուկ չեն բարձրացնում, սայլը տեղից չի շարժվում։ Իշխանությունները համարում են, որ եթե այսօր Հայաստանում ցածր տոկոսներով գյուղատնտեսական վարկեր են տրամադրվում, ուրեմն արդեն բոլոր հարցերը լուծված են։ Բացի դրանից, ռիսկեր կարող են առաջանալ նրանից, որ թուրքական կապիտալը կարող է հոսել Հայաստան ու պայմաններ թելադրել, մանավանդ որ իշխանությունները միայն ներդրումների հոսք ցույց տալու համար պատրաստ են ներդրողներին Հայաստանի քաղաքացիություն տրամադրել։ Առանց այն էլ մամուլում լայնորեն քննարկվում է այն հարցը, թե թուրքերն ու ադրբեջանցիներն անշարժ գույք են ձեռք բերել Երևանում։ Ու քաղաքացիներ էլ կան, որոնք բացեիբաց հայտարարում են, թե պատրաստ են վաճառել իրենց տները, եթե մեծ գումարներ իրենց առաջարկեն։

Այդպիսով, տնտեսական լծակները գործի դնելով, Թուրքիան կկարողանա ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքին ու խարխլել պետականության հիմքերը։ Իսկ ՀՀ իշխանությունների մոտեցումներից երևում է, որ նրանք ուղղակի ի վիճակի չեն օրենսդրական և հարկային պատնեշ ստեղծել հայկական բիզնեսի ու Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության համար։ Միակ գործը, որ նրանք կարողանում են գլուխ բերել, թուրքերին սիրաշահելն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ