26 01 2023

Հաց բերողի վերաբերյալ փորձաքննությունը կատարվել է օրենքի տառին համապատասխան․ «Հրապարակ»

Հաց բերողի վերաբերյալ փորձաքննությունը կատարվել է օրենքի տառին համապատասխան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության հիմքում ներկայացրել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» հաց հասցրած, հանրությանը հայտնի դարձած Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան գործը, որը քննվում է 2017-ից ի վեր։


Հանրային մեծ հնչեղություն ստացած այս գործը պարբերաբար քննարկվել է հանրային տարբեր շրջանակների կողմից, դիցուք՝ այդ ժամանակվա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը 2019-ին մեղավորների մի մեծ ցանկ հրապարակեց, որը գլխավորում էր նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով, ըստ Հովհաննիսյանի, ի պաշտոնե պարտավոր էր ստուգել կալանքի օրինական լինել-չլինելու հանգամանքը։ Հովհաննիսյանը հռետորական հարց էր հնչեցրել՝ այդ ինչո՞վ առաջին փորձաքննության պատասխանը չէր բավարարել քննիչին ու դատախազին, որ նույն օրը որոշեցին նշանակել մեկ այլ փորձաքննություն։

Ուշագրավ է, որ երբ Փաշինյանն ընդդիմություն էր, ինքն էլ էր Արթուր Դավթյանին կարգում այս գործով թիվ մեկ մեղավոր եւ պատասխանատու, 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը «Քուանշ» վերտառությամբ՝ խորհրդարանում ունեցած իր հայտնի ելույթում, որտեղ թվարկում էր գլխավոր դատախազի «մեղքերը», ներառել էր նաեւ Հաց բերողի սպանությունը։ Բայց հեղափոխությունից հետո Դավթյանն առաջիններից մեկը կրոնափոխ եղավ, որի համար Փաշինյանը նրան հետագայում շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում՝ թողնելով, որ պաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտը եւ մոռանալով թե՛ իր հայտարարած քուանշը, թե՛ Դավթյանի մեղքերը։

Որն է բժիշկ Արմեն Չարչյանի մեղքը: Բանն այն է, որ 2016 թ. դեկտեմբերի 30-ին Հաց բերողը կալանքից ազատվեց միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որն արձանագրեց, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ, սակայն այդ որոշումից 1 օր անց քննիչը կրկնակի փորձաքննություն նշանակեց: Երկրորդ փորձաքննությունը կատարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, հանձնաժողովի կազմում մի խումբ բժիշկներ են ընդգրկվել, այդ թվում՝ նաեւ բժիշկ Չարչյանը։

Հանձնաժողովի երկրորդ եզրակացությունից հետո Հաց բերողին կրկին կալանավորեցին. նոր եզրակացությամբ՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի չէր համարվել կալանքի հետ: Սակայն մենք արդեն գրել ենք, որ, նախ` բժշկական հանձնաժողովը փաստաթղթերի հիման վրա էր եզրակացություն տվել, քանի որ Արթուր Սարգսյանը բժշկական հետազոտություն չէր անցել, հանձնաժողովին չէր ներկայացվել: Եվ ամենակարեւորը՝ Արմեն Չարչյանը եզրակացությանը կից հատուկ կարծիք էր գրել` հատուկ շեշտելով, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, գուցե եզրակացությունն այլ կլիներ։ Եվ մի փաստ էլ` ի վերջո եզրակացությունը կազմվել է կոլեկտիվ մարմնի` հանձնաժողովի կողմից եւ ընդամենը խորհրդատվություն է` պատկան մարմինը կարող էր փոխել խափանման միջոցը, առանց այդ եզրակացության: Եվ հիմա բազում պաշտոնյաների եւ անձանց մեղքը մեկ անձի վրա դնել, ով հատուկ կարծիք է գրել, եթե ոչ անբարոյականության, ապա զավեշտի թեմա կարող է դառնալ:

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը մեղավորների շարքում առանձնացրել էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը: Ըստ Հովհաննիսյանի՝ վերջինս պատասխանատու էր հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար: Ի դեպ, որոշ տեղեկություններով՝ ՊՈԱԿ-ի փորձագետներից մեկն է իրավապահներին ցուցմունք տվել, թե պարտադրված են եղել նման կեղծ եզրակացություն տրամադրել։

Մենք զրուցեցինք ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հետ, ով վստահեցրեց, որ ամեն բան եղել է օրենքի տառին համապատասխան, եւ, իհարկե, չընդունեց իր անմիջական պատասխանատվությունը՝ ասելով, որ ի պաշտոնե իր գործառույթն էր՝ կազմակերպել նման փորձաքննություն: Սակայն չցանկացավ պատասխանել մեր հարցին՝ ինքը հայտնվե՞լ է իրավապահների ուշադրության տիրույթում կամ` այս գործով ունի՞ որեւէ կարգավիճակ, բայց պնդեց, որ եզրակացությունը կազմելիս որեւէ պարտադրանք չի եղել։ Չգիտես ինչու, չցանկացավ փորձագետների մասին էլ տեղեկություն տրամադրել․ «Նախաքննություն է ընթանում, եւ մեկնաբանություններ անելիս կաշկանդված ենք օրենքով, իսկ ինչ վերաբերում է տրված եզրակացությանը, այն օրենքի տառին ու ստորակետին համապատասխան է»:

Մեր ճշտող հարցին՝ Հաց բերողի հիվանդությունը համատեղելի՞ է եղել կալանքի հետ, Հովսեփյանը հիշեցրեց, որ, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված եւ այդ ժամկետում գործող՝ «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի» 37-րդ կետի, ոսկրամկանային համակարգի հիվանդություններից անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերեւի հիվանդություն) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում դասվում է բացառապես այն դեպքում, երբ դրսեւորվում է ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարումներով, ինչն ունի որոշիչ նշանակություն, քանի որ այն ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության 825-Ն որոշման վերը նշված 37-րդ կետի մեկնաբանությամբ թվարկված երեւույթներից բոլորի միաժամանակյա առկայությունը պարտադիր է: Այսինքն` տվյալ հիվանդության ծանր պրոգրեսիվող ընթացքից զատ, օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարմամբ զուգորդման պայմաններում է միայն հնարավոր այդ հիվանդությունը դասել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը:

«Այսպիսով` օրենսդրական կարգավորումների պայմաններում ստացվում է, որ այն դեպքում, երբ որեւէ անձ տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, որը, սակայն, չի զուգորդվում օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարումներով, ապա նրա հիվանդությունը նման դրսեւորմամբ չի կարող դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում»,- ասաց մեր զրուցակիցը

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ