05 01 2023

«Կալանք տվող» դատարանը կդադարի գործել․ «Ժողովուրդ»

«Կալանք տվող» դատարանը կդադարի գործել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Երեւան քաղաք Աջափնյակ դատարանի նստավայրը, որն առավել հայտնի է «Կալանք տվող» դատարան, 2023 թվականի հունվարի 7-ից կդադարի գործունեություն իրականացնել, իսկ կալանք տվող դատավորները կգնան կադրերի ռեզերվ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատավորներին ասվել է՝ պետք է սովերեն արդարադատության ակադեմիայում եւ եթե հաղթահարեն քննությունը, ապա կորոշվի նրանց հետագա գործունեության հարցը, իսկ եթե ոչ, ապա կգնան տուն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ ԲԴԽ-ից, որտեղից ի պատասխան սակայն հայտնեցին, որ հունվարի 7-ից Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթները եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններն ու բողոքները քննող առանձին դատավորներին, որոնք առաջին անգամ դատավորի պաշտոնում նշանակվել են ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, նոր գործեր չեն հանձնվում:

Իսկ իրենց վարույթում մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ու բողոքների վերաբերյալ առկա գործերը այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, չավարտելու դեպքում ենթակա են վերաբաշխման մեկշաբաթյա ժամկետում, որից հետո համապատասխան դատավորները ձեռք են բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգը խայտառակ բացահայտում է արել Աջափնյակի դատարանի՝ «կալանք տվող» դատավորների գործունեության մասով՝ պարզելով, թե ինչ մեխանիզմներ են գործել, եւ ինչպես է որոշվել՝ ում կալանքը որ դատավորը քննի, որպեսզի ցանկալի վճիռ հաստատվի: Նկատենք, որ 1,5 տարի առաջ «կալանք տվող» դատավորների՝ տխրահռչակ Աջափնյակ-1 դատարանում աշխատելու համար ընտրվեցին մարդիկ, որոնք խնդիր չունեին ցանկացածին կալանք «ապահովելու» հարցում:

«Կալանք տվող» դատավորները հաջողությամբ կատարում էին իրենց խնդիրը, եւ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հիմնականում բաժին էին հասնում առավել պատրաստակամներին: Այս դատարանի ստեղծման համար ջանք ու եռանդ չխնայեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը: Եվ ահա մեկ տարի անց անցան հին համակարգին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ