«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տարեվերջյան ընդունելություն է կազմակերպել։ ՔՊ-ական պատգամավորները հաստատել էին, որ հրավիրված են։ Մեզ հետաքրքրում էր, թե ուրիշ ում է հրավիրել ՀՀ նախագահը, որը թվում է՝ ողջ երկրի նախագահն է, այլ ոչ թե միայն իշխող քաղաքական ուժի։ Սակայն պարզվում է, որ Խաչատուրյանը միայն ՔՊ-ականների նախագահն է․ ընդդիմադիրներից տեղեկացանք, որ իրենք հրավիրված չեն նախագահական։ «Բնականաբար, հրավեր չենք ստացել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Հայաստան» դաշինքից եւս հայտնեցին, որ հրավիրված չեն։ Մինչդեռ նախկինում նախագահականում ոչ միայն ընդդիմությանն էին հրավիրում, այլեւ հանրային ընդդիմադիր դեմքերի, ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ գրված է․ «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով»։
Մինչդեռ այսօր ունենք ոչ միայն սուպերվարչապետ՝ անսահմանափակ լիազորություններով, այլեւ կոնկրետ մեկ կուսակցությանը եւ գործող վարչապետին ծառայող նախագահ, որը չի ներկայացնում հասարակության շահը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը