28 12 2022

Սա նպատակ ունի Արցախից դուրս բերել խաղաղապահներին․ Մետաքսե Հակոբյան․ «Հրապարակ»

Սա նպատակ ունի Արցախից դուրս բերել խաղաղապահներին․ Մետաքսե Հակոբյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Այո, Արցախում եւս կան մարդիկ, ովքեր փորձում են նման իրավիճակներում հռչակ ձեռք բերել, իրենց անձի շուրջ ուշադրություն սեւեռել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։ Արցախի ԱԺ պատգամավորը նշեց, որ Արցախում մարդիկ լարված են, շատ էմոցիոնալ են, եւ այդ էմոցիաների հետ խաղալը ճիշտ չէ: Հակոբյանը մասնավորապես նկատի ունի օրեր առաջ տարածված այն տեղեկությունը, թե ռուս խաղաղապահները խոստացել են երկու օրից բացել միջանցքը:

«Երկու օր առաջ կատարվեց մի գործողություն, որի կազմակերպիչները շատ լավ գիտեին, որ դրանից օրեր առաջ մենք որոշել էինք նման բան անել եւ քննարկումների արդյունքում որոշեցինք դա չանել, որովհետեւ գիտակցում էինք, որ եթե մարդկանց հետ բարձրանանք, պահանջենք խաղաղապահներից՝ ճանապարհ տալ, հնարավոր է իրենք տային այդ ճանապարհը, այսինքն՝ կբացեն մինչեւ ադրբեջանցիներին հասցնելը: Եվ երբ հասնեինք ադրբեջանցիներին, հաջորդ քայլը ո՞րն էր լինելու, չէ՞ որ դա ուղիղ վտանգ էր հենց ժողովրդի համար»,- ասաց Հակոբյանը:

Պատգամավորը նշեց, որ այդ կազմակերպիչների մեջ կային մարդիկ, ովքեր այդ վտանգի մասին տեղյակ էին։ «Կային երիտասարդ մայրեր՝ մանկասայլակներով, ում ամուսինը պատերազմի ժամանակ զոհվել էր, երեխային չէր տեսել, այդ մարդիկ իրոք վստահ էին, որ գնալու են եւ կարողանալու են ինչ-որ հարց լուծել: Ամեն դեպքում, միջազգային հանրությունն էլ, բոլորն էլ տեսան, որ հաստատակամ է արցախցին»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը: Նա անդրադարձավ նաեւ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրառմանը եւ նշեց, որ վերջինս ցնծում է այն իրավիճակի համար, որը հիմա կա Արցախում, եւ սպասում է առիթի՝ իր վերաբերմունքը ցույց տալու համար:

«Սպասում էր պատեհ առիթի, որպեսզի ցույց տա իր միջի եղածը մեր բոլորի նկատմամբ, եւ ուղղակի ինքը երեւի եւս նայել է ու տեսել է, թե ինչ է կատարվում: Ինչքան էլ փորձեր, այդ կեղտոտ, անմաքուր, ոչ հայ կնոջ տեսակետից ցույց տալ այդ ամենը, բայց այդ օրը մենք տեսանք՝ դեկտեմբերի 25-ի հանրահավաքին կանայք էին եկել, հայ մայրեր, ովքեր հարկ եղած դեպքում, առանց մեկ վայրկյան վարանելու, իրենց կյանքը զոհելու են հանուն իրենց երեխայի վաղվա ու անվտանգ, արժանապատիվ վաղվա: Երկու օր մենք դա էինք տեսնում, երբ մայրը՝ երեխային գրկած, գիտակցում էր, որ գնում է դեպի վտանգ, բայց դա ոչ թե անում էր, որ իշխանություն զավթեր, ինչպես 2018 թվականի ժամանակ էր, այլ անում էր, որպեսզի իր երեխայի ապագան ավելի անվտանգ փորձի դարձնել ու արժանապատիվ»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերադառնալով խաղաղապահների կողմից տրված իբր խոստումին, թե երկու օրից կբացվի միջանցքը, Հակոբյանն ասաց, որ վերջիններս պարզապես սպասել են դեկտեմբերի 26-ին՝ նկատի ունենալով Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպումը, ակնկալելով, որ այդ հարթակում փորձեն լուծում տալ այս իրավիճակին: Դա է ասվել, սակայն որոշ մարդիկ սխալ տեղեկություն են փոխանցել հանրությանը, իսկ խոստում չի տրվել՝ տեղեկացրեց Մետաքսե Հակոբյանը:

«Որեւէ մեկը չպետք է անի այն, ինչ արվեց 2018 թվականին՝ թուրքերի խամաճիկ իշխանության կողմից»,- ասաց նա:

Անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի հայտարարությանը, թե Պուտինին ասել է՝ փաստացի Լաչինի միջանցքը չի վերահսկվում ռուս խաղաղապահների կողմից, ասաց, որ բավականին երկար ժամանակ է, ինչ այս իշխանությունները շատ ուղիղ հակառուսական քաղաքականություն են վարում:

«Այս իշխանություններն իրենց պահվածքով, իրենց քաղաքականությամբ այնպես են արել, որ մենք այլեւս չունենանք դաշնակից պետություն: Իրենք փորձում էին ամեն կերպ հակառակվել դրան՝ զուտ բառերով հակադարձելով, որ այդպես չէ, բայց իրականում շարունակելով իրենց գործողությունները: Սա նպատակ ունի այս փուլում Ադրբեջանի հետ համատեղ Արցախից դուրս բերել ռուս խաղաղապահ զորակազմը․ ավելի հեռահար նպատակներ ունեն իրենք, ինչն արդեն չեն թաքցնում: Երեկ ԱԽ քարտուղարի խոսքից շատ պարզ հասկացվում էր՝ որոնք են այդ հեռահար նպատակները: Սա հատուկ է արվում, այնպես չէ, որ իրենք չեն գիտակցում, կամ այդպես է ստացվում։ Ոչ, դա հատուկ է արվում, որպեսզի ի վերջո իրենց նպատակին հասնեն»,- ասաց Մետաքսե Հակոբյանը եւ հավելեց, որ հաջորդ փուլով Ադրբեջանը փորձելու է լուծել Զանգեզուրի միջանցքի հարցը:

Նշեց, որ այս թատրոնը, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի հետ միասին խաղում են ընդդեմ Ռուսաստանի, ռուս խաղաղապահ զորակազմն Արցախից դուրս բերելու նպատակ ունի:

«Սա շատ վատ հետեւանքներ է ունենալու: Այն օրը Բայրամով-Լավրով հանդիպման ժամանակ շատ հանգամանալից բացատրեց Լավրովը, թե ինչ է սպասվում մեզ, երբ այլեւս չենք ունենա Ռուսաստանի պես դաշնակից պետություն: Եվ դա պետք է յուրաքանչյուրս գիտակցի: Ամեն դեպքում, Արցախում շատ փոքր մաս կա, ովքեր մտածում են այնպես, ինչպես Հայաստանից լցնում են մարդկանց մեջ, բայց մեծ մասը շատ լավ հասկանում է, որ անկախ նրանից, թե որքանով ենք բավարար գնահատում այն ամեն ինչը, ինչն այսօր արվում է ռուս խաղաղապահ զորակազմի կողմից, կան դժգոհություններ, թե ոչ, միեւնույն է՝ այլընտրանքը ռուս խաղաղապահների, Ադրբեջանն է: Եվ ամեն բան անում ենք, որպեսզի օգնենք ռուս խաղաղապահներին, իսկ Հայաստանի իշխանությունն անում է հակառակը»,- ասաց Հակոբյանը։

Նա շեշտեց, որ Լաչինի միջանցքի փակման մեջ նաեւ Հայաստանի իշխանությունների դերակատարումն են տեսնում, եւ ամեն ինչ անում են, որպեսզի թե՛ հանրությունը դեմ տրամադրվի Ռուսաստանին, եւ թե՛ ՌԴ-ն` որպես դաշնակից, երես թեքի Հայաստանից ու Արցախից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ